Մրգերը  վնասակա՞ր են ատամների համար

Մրգերը վնասակա՞ր են ատամների համար

22.01.2015

Ինչպես պնդում է անգլիական ասացվածքը, օրը մեկ խնձոր ուտելը ձեզ ավելի առողջ կդարձնի: Պարզվում է, որ հենց այդ խնձորը ձեր ատամնաբույժի համար հավելյալ աշխատանք է ստեղծում: Համենայն դեպս, այսպես են պնդում 458 ատամնաբույժներ, որոնց շրջանում հարցում են կատարել այն մասին, թե արդյոք մրգերը վնասակար են ատամների համար:

 

Հինգ մասնագետից չորսը համոզված է, որ մրգեր կծելը նպաստում է ատամների փչանալուն, ատամնային նստվածքների առաջացմանը եւ էմալի քայքայմանը: Մասնագետների մեկ երրորդն էլ կարծում է, որ խնձորն այնքան է վնասակար ատամների եւ լնդերի համար, որքան թխվածքները, շոկոլադը եւ այլ քաղցրավենիքներ:

 

Ավելին, հարցված մասնագետների գրեթե կեսը նախազգուշացնում է, որ մրգահյութը ատամների եւ լնդերի խնդիրների առաջացման եւս մեկ հիմնական պատճառ է: Ստոմատոլոգների մեկ երրորդից ավելին նշում է, որ ատամների համար պակաս վտանգավոր չեն թե´ չիպսերը, թե´ այլ «սնեկները»:

 

2009 թ. Լոնդոնի Արքայական քոլեջի ատամնաբուժական ինստիտուտում իրականացրած նախորդ հետազոտությունը եւս ցույց է տվել, որ մրգերը նույն բացասական ազդեցությունն ունեն ատամների վրա, ինչ գազավորված ըմպելիքները:

 

Նյուքասլի համալսարանի պարադոնտոլոգ Ռոբին Սեյմուրը պատմում է.

 

«2009 թ. անցկացրած հարցումը ցույց է տվել, որ չափահաս մարդկանց 23%-ն ատամներն  օրը միայն մեկ անգամ է մաքրում: Ի լրումն դրա, չնայած ատամների առավել արդյունավետ էլեկտրական խոզանակների լայն տարածմանը, օրը երկու անգամ ատամները մաքրող շատ մարդկանց մոտ, այնուամենայնիվ, ատամների վրա նստվածք է մնում: Դա զգալիորեն բարձրացնում է ատամների եւ լնդերի հիվանդությունների զարգացման հավանականությունը»:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: