Կյանք փրկող ծրագիրն ընդլայնվեց

Կյանք փրկող ծրագիրն ընդլայնվեց

04.04.2015

ՀՀ առողջապահության նախարարությունում երեկ ստորագրվեց սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի իրականացման նոր հուշագիր։
Հունվարի 1—ից Երեւանի 4 եւ մարզային 2 բժշկական կենտրոններում մեկնարկել է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը։ Սուր, ծանր ինֆարկտի դեպքում, երբ առկա է մեր բնակչությանն արդեն քաջածանոթ ST—էլեւացիա, անվճար՝ պետության կողմից երաշխավորված, տեղադրվում է ոչ դեղապատ մեկ ստենտ։

«Երեք ամսվա ընթացքում կյանք փրկող այս ծրագրի շրջանակում բուժօգնություն է ստացել 399 քաղաքացի։ Նրանցից 376—ը ստենտավորվել է, իսկ մյուսների կորոնարոանգիոգրաֆիայի արդյունքներով ստենտավորման կլինիկական անհրաժեշտություն չի եղել։ Բոլոր դեպքերի հիվանդության պատմություններն ուսումնասիրվել են մասնագետների խմբի կողմից, որպեսզի վերլուծենք դրանք եւ վերագնահատենք մեր մոտեցումներն ու հստակեցնենք չափորոշիչները»,–ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից բխող այս ծրագիրը մնալու է ուշադրության կենտրոնում։ «Մենք քաջ գիտակցում ենք, որ մարդիկ այս ծրագրում ընդգրկվում են մասնագետների օպերատիվ որոշումների արդյունքում, եւ հնարավոր չէ նրանց հերթագրել։ Այս հանգամանքը պարտադրում է կրկնապատիկ ուժեղացնել հսկողությունը»,–նշեց նախարարը։

ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը եւ մոնիտորինգի խմբի ղեկավար Ալինա Օհանյանը ներկայացրեցին ծրագրի նկատմամբ իրականացված մոնիտորինգի արդյունքները։ Նշվեց, որ ծրագրի շրջանակում բուժօգնություն ստացած 399 քաղաքացու 57 տոկոսը երեւանաբնակ են, մյուսները՝ տարբեր մարզերից, 106—ը 70—ից բարձր տարիքի են։ Մանրամասն ուսումնասիրվել են հիվանդության բոլոր պատմությունները, ինչպես նաեւ կատարված հետազոտությունների արդյունքները։ Ցավոք, 13 դեպքում չի հաջողվել փրկել ծանր ինֆարկտ տարած մարդկանց կյանքը։

Նրանք հիմնականում 80—ն անց քաղաքացիներ էին, որոնց մոտ ախտորոշվել էր կարդիոգեն շոկ, բազմակի օրգանների ախտահարումներ։ «Այսօր կնքվող հուշագիրը թույլ կտա հիվանդներին ավելի օպերատիվ կերպով հասցնել կլինիկաներ եւ ավելի արագ ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն»,–ասաց ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը՝ հավելելով, որ նախկինում բազմաթիվ հիվանդներ ֆինանսների բացակայության պատճառով չէին ստանում բժշկական նման ծառայություն։

Այնուհետեւ ՀՀ առողջապահության նախարարության եւ արդեն 10 բժշկական կենտրոնների միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ապրիլի 1—ից դեկտեմբերի 31—ը բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենտի տեղադրում) ծառայությունների իրականացման մասին։ «Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա» բժշկական կենտրոններից, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, Գյումրիի եւ Գորիսի բժշկական կենտրոններից բացի, այսուհետեւ կյանք փրկող ծրագիրը կիրականացվի նաեւ «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնում», «Արամյանց բժշկական կենտրոնում», «Քանկոր սիրտ—անոթային բժշկական կենտրոնում» եւ «Լեւոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ»—ում։  

«Փորձարարական եռամսյակը վկայում է, որ ծրագրի հանդեպ բնակչության շրջանում կա վստահություն, եւ այն արժանանում է բարձր գնահատականի ոչ միայն հայաստանյան, այլեւ արտերկրի հեղինակավոր մասնագետների կողմից»,–հուշագրի ստորագրման կապակցությամբ շնորհավորելով բոլորին՝ ասաց Արմեն Մուրադյանը։ Նա նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբանի եւ ծրագրում ընդգրկված նոր կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ եւս մեկ անգամ քննարկել կազմակերպական հարցերը եւ առաջարկներն ամփոփել ծրագրի չափորոշիչներում։ Քննարկվեցին նաեւ սրտաբանների վերապատրաստման, դեղերի, ստենտների ապահովման հարցերը։

Նշվեց, որ մշտադիտարկումները կշարունակվեն՝ բժշկական օգնության եւ սպասարկման որակի, ինչպես նաեւ ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով։

Հիշեցնենք, որ եզակի այս ծրագրից օգտվում են այն քաղաքացիները, ովքեր ընդգրկված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որեւէ խմբում։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: