Բաց թողնված դասերը կլրացվեն գարնանային արձակուրդի և շաբաթ օրերը դասի գնալու հաշվին

Բաց թողնված դասերը կլրացվեն գարնանային արձակուրդի և շաբաթ օրերը դասի գնալու հաշվին

20.01.2016
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց, որ թեև դեռևս կառավարությունից հանձնարարական չեն ստացել, թե արդյոք դպրոցները և մանկապարտեզները կրկին ստիպված կլինեն արձակուրդը երկարացնել, բայց նշեց, որ իրենք քննարկել են, թե ինչպես լրացնել արդեն իսկ բաց թողնված տասնօրյա ժամանակահատվածը:
 
Ըստ նախարարի՝ բաց թողնված տասնօրյա դասերից հինգ օրերը կլրացվեն գարնանային արձակուրդների հաշվին, մյուս հինգ օրերն էլ՝ վեցօրյա դասերի կամ հավելյալ դասաժամերի միջոցով:
 
«Եթե կառավարությունը խնդիր բարձրացնի, կարևորություն տալով առողջությունը, համապատասխան hանձնարարականը կկատարենք բնականաբար: Բայց քննարկվել է, թե ինչպես կարելի է լրացնել դասերը: Ակնհայտ է, որ չենք ունենա գարնանային արձակուրդներ, և հինգ օրով կարող ենք վերականգնել բաց թողնված դասերը այն դպրոցներում, որոնք գնում են գարնանային արձակուրդների»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ոչ բոլոր դպրոցներն են գարնանային արձակուրդներ ունենում:
 
Ըստ նախարարի, բացի այդ անհրաժեշտ է ևս հինգ ուսումնական օր՝ լրացնելու բաց թողնված դասերը: Նախարար Աշոտյանը նշեց, թե ուսումնական ծանրաբեռնվածությունը տարբեր է տարրական և միջին դպրոցներում և ուստի պետք է վերականգնել 24-36 ժամ: Աշոտյանի խոսքով՝ դա հնարավոր է անել բացի արձակուրդները վերացնելուց շաբաթ օրերը դասի գնալով:
 
«Կամ էլ լրացուցիչ մեկական ժամ դաս անցկացնել շաբաթվա ընթացում, դա անցանկալի տարբերակ է, քանի որ տեղից էլ ուսումնական ծրագիրը բավական ծանրաբեռնված է, բայց դպրոցներն իրենք կորոշեն»,-ասաց նախարարը:
 
Իսկ թե ինչու բուհերի հետ կապված որոշում չի կայացվել, պատասխանեց, որ ըստ Առողջապահության նախարարության՝ հիվանդացության ցուցանիշը վերբերում է 0-18 տարեկաններին:
 
Նախարարը եզրափակեց, թե կրթությունը կարևոր է, բայց առողջությունը շատ ավելի թանկ է։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: