Գիտնականներն հայտնաբերել են կարիեսի զարգացմանը խոչընդոտող մանրէներ

Գիտնականներն հայտնաբերել են կարիեսի զարգացմանը խոչընդոտող մանրէներ

14.03.2016
Ֆլորիդայի համալսարանի գիտնականները մարդու բերանում նոր հավաքարար մանրէներ են հայտնաբերել, որոնք կարող են պայքարել ատամներն ավերող ոսկրափուտային մանրէների դեմ: Ապագայում հնարավոր կլինի այդ մանրէներն օգտագործել ոսկրափուտի կանխարգելման նպատակով: 
 
«Այդ մանրէները, որոնք քայքայում են արգինինն ու այլ թթուներ, կարող են թերապիայի «թիրախ» դառնալ, ինչպիսին պրոբիոտիկներն են աղիների միկրոֆլորայի համար:  Մենք կարող ենք ոսկրափուտի հակում ունեցող առողջ երեխայի կամ հասուն մարդու օրգանիզմ պրոբիոտիկ մտցնել եւ նրանց ատամները պաշտպանել ավերումից` նպաստելով տվյալ միկրոօրգանիզմների աճին», — ասել է Ռոբերտ Բեռնը: 
 
Բեռնն ու իր գործընկերներն ուսումնասիրել են մի քանի մարդու բերանի ատամնաքարի նմուշներ, որոնք ոսկրափուտի խնդիր չէին ունեցել, չնայած բերանի հիգիենային անփույթ մոտեցմանը: Գիտնականները պարզել են, որ նրանց բերանի խոռոչում ստրեպտոկոկների` մակաբույծ մանրէների անսովոր շտամմ է ապրում: Հենց այդ մանրէի շտամմներն են մեր բերանի «հավաքարարների» եւ «ոստիկանների» դեր խաղում: Գիտնականներն այդ մանրէների համար դեռեւս անվանում չեն հորինել, այդ պատճառով կոչում են  А12:
 
Ինչպես բացատրում են կենսաբանները, ոսկրափուտն ատամների մակերեւույթին ի հայտ է գալիս ստրեպտոկոկի մեկ այլ տեսակի` Streptococcus mutans-ի կենսագործունեության հետեւանքով, որը թքի եւ ատամների մակերեւույթի մեջ մեծ քանակությամբ թթու է արտազատում:  Թքի բարձր թթվայնության պատճառով էմալի հատիկներն իրար սոսնձող «ցեմենտը» աստիճանաբար քայքայվում է, իսկ ատամների մակերեւույթին միկրոճաքեր են ի հայտ գալիս: Ճաքերում մանրէների նոր համայնքներ են հաստատվում, ատամը սկսում է ավերվել եւ ոսկրափուտային խոռոչ է առաջանում:  
 
Սակայն А12-ը խանգարում է Streptococcus mutans-ի բազմացմանը եւ նրանց կողմից ատամները ոչնչացնող թթուների արտազատմանը: Փորձարկումները ցույց են տվել, որ մանրէ-հավաքարարները ջրածնի գերօքսիդ եւ մի շարք հատուկ ֆերմենտներ են արտազատում, որոնք արգելափակում են ոսկրափուտային մանրէներում սպիտակուցների արտադրությունը: 
 
Գիտնականները ենթադրում են, որ А12-ի հետագա ուսումնասիրությունը մեզ կօգնի հնարավորինս խթանել այդ մանրէների աճը եւ նրանց ստիպել ավելի ակտիվորեն ճնշել    Streptococcus mutans-ին եւ այլ ոսկրափուտային մանրէների:  
 
Այդ մասին պատմում է Applied and Environmental Microbiology ամսագրում հրապարակված հոդվածը:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: