Կարիեսի կանխարգելման  ծրագրեր` Հայաստանի մարզերի երեխաներին

Կարիեսի կանխարգելման ծրագրեր` Հայաստանի մարզերի երեխաներին

13.05.2016

Երեխաների առողջության պահպանումը նախարարության գերակա ուղղություններից մեկն է: Այս  մասին  կարևորվեց Նյու Յորքի համալսարանի ատամնաբուժական քոլեջի (NYUCD) թիմի հետ հանդիպման ժամանակ:

Փոխդեկան Սյուարթ Հիրշը նախարարին ներկայացրեց Հայաստանի մարզերի երեխաների շրջանում նախատեսվող ծրագրի մանրամասները:  NYUCD-ին, ընդգրկված լինելով տարբեր համապարփակ ծրագրերում, արդեն 20 տարի է, ինչ աշխարհի տարբեր վայրերում ծրագրեր է իրականացնում` ատամնաբուժական, կրթական ու հետազոտական ծառայություններ տրամադրելով անապահով բնակչությանը:

Այժմ, համագործակցելով Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ, հնարավորություններ են փնտրում համանման ծրագիր իրականացնել Հայաստանի գյուղական համայնքներում։

Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը ներկայացրեց գործունեության 12 տարվա ընթացքում Հայաստանի մարզերում հիմնադրամի կողմից իրականացվող կրթական, սոցիալական ու տնտեսական ծրագրերը` ուղղված երեխաների կյանքի որակի բարելավմանը։ Կարևորվում է առողջապահական բաղադրիչը, մասնավորապես` գյուղաբնակ երեխաների շրջանում ատամների կարիեսի դեմ պայքարը։

Սյուարթ Հիրշին նշեց, որ NYUCD-ն ողջ աշխարհում, այդ թվում ԱՄՆ-ի առանձին գյուղերում ու քաղաքներում կարիեսի կանխարգելման շարունակական ու երկարատև ծրագրեր է իրականացնում։ Հայաստանում կարիքները գնահատելու նպատակով թիմը եղել է Լոռու և Արմավիրի մարզերի 5 դպրոցում։ Եկել են եզրակացության, որ ծառայությունների կարիքը բավականին բարձր է։

Առաջարկվող ծրագրի շրջանակներում երեխաների շրջանում ժամանակակից միջոցներով կաթնատամների կարիեսը կանգնեցնելու դեպքում հիմնական ատամներն  այդ խնդրից զերծ են մնում։ Ծրագիրն իրականացնելու նպատակով Հայաստան կժամանի ստոմատոլոգների, դասախոսների և շրջանավարտների մեծ թիմ` իրենց հետ բերելով անհրաժեշտ սարքավորումներ և նյութեր։ Աշխատանքներ կտարվեն տարբեր ուղղություններով և թիրախային տարբեր խմբերի շրջանում։  Դպրոցում կանխարգելիչ ծրագիրը կլինի ատամների ճիշտ խոզանակումը։

«Մեր երկար տարիների փորձը ցույց է տվել, որ դա ամենարդյունավետ կանխագելիչ միջոցն է։ Եվ դպրոցն ամենալավ հարթակն է, որտեղ կարելի է այն իրականացնել»,-ասաց ամերիկացի մասնագետը։

Ատամնաբուժական ծառայություններ կմատուցվեն նաև շտապ միջամտության կարիք ունեցող մեծահասակներին։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կարևորեց ներկայացված ծրագիրը,  մասնավորապես` երեխաների բերանի խոռոչի առողջության պահպանումը։ Հատկապես այն դեպքում, երբ առողջապահության նախարարությունն   իրականացնում է առողջ պահելու քաղաքականություն։ «Դա մեզ համար ոչ միայն առողջապահական ցուցանիշների բարելավման, այլև երկրի տնտեսական խնդիրների լուծման նպատակ է հետապնդում»,-ասաց նախարարը։ Նա կարևորեց ինչպես ցանկացած կանխարգելիչ ծրագրի, այնպես էլ` ներկայացվածի իրականացման նախապայմանները` խնդրի տարածվածությունը կամ հանրային    նշանակությունը, իրավական և առողջապահական հիմքերը և, իհարկե` արդյունքների գնահատումը։

Ամփոփելով խորհրդակցությունը` Արմեն Մուրադյանն առաջարկեց ծրագիրն առավել հանգամանալից քննարկել նախարարության հանրային առողջության մասնագետների, ինչպես նաև ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ստոմատոլոգի հետ։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: