Ստոմատոլոգիական ոլորտում լիարժեք վերահսկողություն չի իրականացվում

Ստոմատոլոգիական ոլորտում լիարժեք վերահսկողություն չի իրականացվում

02.10.2012

Հոկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկեց Ստոմատոլոգների 4-րդ Համահայկական հավաքը և 8-րդ Միջազգային կոնգրեսը: Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված համահայկական հավաքին և միջազգային կոնգրեսին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան են ժամանել ոլորտի անվանի մասնագետներ: Հանդիպումների շրջանակներում հանրապետություն ժամանած հյուրերը հանդես կգան զեկույցներով, իսկ հայ մասնագետների համար կկազմակերպվեն հատուկ դասընթացներ` մաստեր կլասներ:

Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանը նշեց, որ հոկտեմբերի 1-6-ը Հայաստանում և Արցախում հայտարարվել է ստոմատոլոգիական շաբաթ: «Հարկավոր է հնարավորինս տեղյակ լինել միջազգային մակարդակով ստոմատոլոգիայում կատարվող փոփոխություններին, ձեռք բերել եվրոպակական զարգացած երկրների լավագույն մասնագետների փորձը: Դրա համար էլ առողջապահության նախարարությունը, Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիան ու Հայ ատամնաբույժների համաշխարհային միությունը որոշեցին համախմբվել ու կազմակերպել այսպիսի կարևորության կոնֆերանսներ»,-ասաց Աշոտ Գևորգյանը:

Նրա խոսքերով` ստոմատոլոգիան սկսել է հետընթաց ապրել մեր երկրում: «Թեև փաստ է, որ օրեցօր շատանում են ատամնաբուժարանները, սակայն ստոմատոլոգը ամեն օր երկու հիվանդ է ընդունում և հազիվ կարողանում է ապրել: Եթե նախկինում այն համարվում էր եկամտաբեր մասնագիտություն, ապա այսօր ստոմատոլոգները հազիվ «հացի» գումար են վաստակում»,- հայտարարեց Աշոտ Գևորգյանը:

Նա նշեց, որ եթե Ֆրանսիայում 10 հազար բնակչին բաժին է ընկնում 6 ստոմատոլոգ, ապա Հայաստանում` 18: Դա նշանակում է, որ բժիշկն այդքան հիվանդ չունի, ինչը ենթադրում է, որ տվյալ ստոմատոլոգը շահույթ չունենալու պատճառով նաև հնարավորություն չունի իր գիտելիքները զարգացնի:

Ա.Գևորգյանը նաև ընդգծեց, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով ստոմատոլոգիական ծառայություններին դիմելու հաճախականությունը պակասել է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում. Հայաստանում անկումը կազմում է 40-45%, Եվրոպայում` 20-25%:

Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահը ոլորտում առկա խնդիրներից առանձնացրեց այն, որ այսօր ոլորտը չի վերահսկվում: «Նախարարությունում աշխատում է ընդամենը մեկ մասնագետ, ով ի վիճակի չէ 850 ատամնաբուժարաններում վերհսկողություն իրականացնի: Ինչպես ամբողջ աշխարհում է ընդունված, այնպես էլ Հայաստանում պետք է այդ գործառույթները հանձնեն ասոցիացիային: Այդ դեպքում վերահսկողությունը լիարժեք կլինի»,- ասաց նա և հավելեց. «Ոլորտում միայն բարձր մակարդակի բժիշկների գործունեություն ապահովելու համար պետք է այլևս լիցենզիաներ չտալ ստոմատոլոգիական հիմնարկներ բացելու համար»:
Նշենք, որ հոկտեմբերի 1-ի և 2-ին գործելու է նաև ստոմատոլոգիական գործիքների և նյութերի ցուցահանդես:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: