Առողջապահության նախարարը առաջարկներով փաստաթուղթ է ուղարկել ֆինանսների նախարարին

Առողջապահության նախարարը առաջարկներով փաստաթուղթ է ուղարկել ֆինանսների նախարարին

20.01.2013

Պայմանավորվածության համաձայն ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հերթական անգամ հանդիպեց ստոմատոլոգիական կլինիկաների և ատամնատեխնիկական անկախ լաբորատորիաների մի խումբ ղեկավարների հետ։ Նախարարը տեղեկացրեց, որ նախորդ հանդիպումների ընթացքում իրենց կողմից բարձրացված հարցերի շուրջ տեղի ունեցած քննարկումներից հետո ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանման մասնագետները մանրամասն վերլուծություններով և կոնկրետ առաջարկներով պաշտոնական փաստաթուղթ են պատրաստել, որը նախարարի ստորագրությամբ ուղարկվել է ՀՀ ֆինանսների նախարարին։

 
Փաստաթղթում որպես խնդրի լուծում առաջարկվում է արտոնագրային վճարի ելակետային տվյալ չդիտարկել ստոմատոլոգիական պոլիկլինիկաների և կենտրոնների ռենտգենաբանական բազկաթոռ(ներ)ը, ատամնատեխնիկական լաբորատորիաների աշխատատեղերը, մանկական ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու համար նախատեսված բազկաթոռ(ներ)ը, հանրապետության բժշկական ուսումնական հաստատությունների համար ուսումնական բազա հանդիսացող ստոմատոլոգիական կենտրոններում ուսումնական պրոցեսի համար առանձնացված ստոմատոլոգիական բազկաթոռները, ինչպես նաև առաջնակի զննման կաբինետի բազկաթոռը: Առանձին իրավաբանական անձ հանդիսացող մասնագիտացված ատամնատեխնիկական լաբորատորիաների մասով առաջարկվում է արտոնագրային վճարի ելակետային տվյալ դիտարկել հրամանագրված ատամնատեխնիկին:
 
Ստոմատոլոգները նախարար Դումանյանին իրենց գոհունակությունը հայտնեցին բարձրացված հարցերին ընթացք տալու համար և պարտավորվեցին այդ մասին տեղեկացնել բոլոր մասնագետներին։
 
ՀՀ առողջապահության նախարար ԴերենիկԴումանյանը մասնագետներին առաջարկեց նույն ակտիվությամբ համագործակցել նաև ստոմատոլոգիայի ոլորտում քաղաքականության, չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի մշակման աշխատանքներին, որպեսզի առավել օբյեկտիվ և աշխատող որոշումներ ընդունվեն։
 
Նախարարը ստոմատոլոգների հետ քննարկեց նաև ոլորտում ծառայությունների որակի ապահովման, մասնագետների որակավորման բարձրացման համակարգի ներդրման, կադրերի պատրաստման կանոնակարգման և այլ հարցեր։
 
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ հանդիպման շուրջ։

 

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: