«Ստոմատոլոգիական մեծ կլինիկաները Վանաձորում կփոքրացվեն, փոքրերը կարող է եւ փակվեն»

«Ստոմատոլոգիական մեծ կլինիկաները Վանաձորում կփոքրացվեն, փոքրերը կարող է եւ փակվեն»

29.01.2013

«Մենք համաձայն ենք հարկվելու, բայց ոչ էս ձեւով, ոչ էս թվերով»,-ասում է  Լոռու մարզի ստամատոլոգների ասոցիացիայի նախագահ Արման Կռոյանը

 

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Արտոնագրային վճարների մասին» օրենքը, որով ավելացվել է ատամաբուժական կլինիկաների հարկային ծանրաբեռնվածությունը: Նոր օրենքի կիրառումը առաջացրել է ատամաբույժների դժգոհությունը: Թեմայի շուրջ զրուցեցինք Լոռու մարզի ստամատոլոգների ասոցիացիայի նախագահ Արման Կռոյանի հետ:

 

-Քանի՞ կլինիկա է ընդգրկված ասոցիացիայի կազմում, ինչպիսի՞ն է լոռեցի ատամնաբույժների տեսակետը նոր օրենքի հետ կապված:

 

-Ասոցիացիայում ունենք մոտ 120 անդամ: Վանաձորում 15 կլինիկա ունենք, որոնք ասոցիացիայի կազմում են, մարզում կլինիկաների թիվը 60 է: Բոլորն են դժգոհ: Մենք ոչ թե բոյկոտ ենք հայտարարում օրենքին, այլ, իրոք, հնարավոր չէ աշխատել նման պայմաններում: Ամեն մի բազկաթոռի համար հիմա վճարելու ենք 3 անգամ ավել: Նախկինում ատամնատեխնիկների սեղանները չէին հարկվում, որովհետեւ ատամնատեխնիկի ծառայությունները օժանդակում են մեր գործունեությանը: Հիմա Վանաձորում ատամնաբուժական 1 բազկաթոռի համար  պետք է հարկվի 57.000 դրամ, եւս 57.000-ական դրամի չափով պետք է հարկվի ատամնատեխնիկի 1 սեղանի եւ ռենտգեն կաբինետի համար: Կրկնակի հարկում է գնում: Առաջ հարկվում էր ատամնաբույժը, բայց չէ՞ որ այդ գործունեության մեջ ատամանատեխնիկն իր բաժինն ունի:

 

-Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ օրենքի կիրառումը ատամնաբուժական կլինիկաների վրա:

 

-Ծանր հետեւանքներ կունենա: Մեծ կլինիկաները Վանաձորւմ կփոքրացվեն, կպակասեցվի բազկաթոռների քանակը, իսկ փոքրերը կարող է եւ փակվեն: Մենք հավաքվել,  որոշել ենք, որ եթե որեւէ բան չփոխվեց, բոլորս գները բարձրացնելու ենք: Գները բարձրացնելու ենք, բազկաթոռների քանակը` պակասեցնելու: Տեխնիկները դուրս կգան կլինիկաներից, կգնան  տներում կաշխատեն, որոշ բժիշներ կգնան տնային պայմաններում ատամ կհեռացնեն … Դուրս եկավ, որ օրենքը հետ ուղարկեց ստոմատոլոգիան: Ներդրումներ ենք արել, որ նորմալ հարկային դաշտում աշխատենք, բայց հիմա ստվերը միանշանակ շատանալու է: Մենք համաձայն ենք հարկվելու, բայց ոչ էս ձեւով, ոչ էս թվերով:

 

-Որքանո՞վ կարող են բարձրանալ ծառայությունների գները:

 

-Գները երեւի մինչեւ 40-50 տոկոսով կթանկացնենք: Գները համատարած կբարձրանան: Չի լինելու էժան տեղ: Էժան տեղը փակվելու է, չի կարողանալու աշխատել:

 

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք, ատամնաբույժների բողքը ինչ-որ բան կփոխի՞:

 

-Ակնկալում ենք, որ ռենտգեն հետազոտությունը, ատամնատեխնիկի սեղանը, մանկական ատամնաբուժության բազկաթոռները հանվեն հարկումից: Հունվարի 26-ին Ամերիկյան համալսարանում Հայաստանի բոլոր ստոմատոլոգներով հավաքվելու ենք եւ ստորագրենք, որ բոլորս բողոքում ենք: Միգուցե մեր ձայնը լսվի՞

Հարցազրույցը` Գայանե Սարգսյանի

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: