«Եթե մենք աշխատենք նույն գներով եւ նույն նյութերով, մենք չենք կարող վճարել այդ հարկերը»,- ասում է վանաձորցի ատամնաբույժ Սուսաննա Մկրտումյանը

«Եթե մենք աշխատենք նույն գներով եւ նույն նյութերով, մենք չենք կարող վճարել այդ հարկերը»,- ասում է վանաձորցի ատամնաբույժ Սուսաննա Մկրտումյանը

20.02.2013

Ատամնաբույժները խիստ մտահոգված են 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած արտոնագրային վճարների մասին օրենքում կատարված փոփոխություններով: Արտոնագրային վճարների մասին օրենքում կատարված փոփոխությունների  հետեւանքով  ստոմատոլոգիական ծառայության հարկերի բարձրացման եւ դրա հետեւանքով առաջացած խնդիրները դարձել են ոչ միայն ատամնաբույժների, այլեւ բնակչության մտահոգիչ հարցերից մեկը: Արտոնագրային վճարների միասին օրենքում կատարված փոփոխությունների ժամանակ  հաշվի չեն առնվել մանկական ստոմատոլոգիան, տեխնիկական լաբորատորիաները, եւ հետեւաբար նախկին` մեկ ատամի բուժման համար կլինիկան այսուհետ պետք է հարկ վճարի կրկնակի, շատ դեպքերում նաեւ՝ եռակի:

 

Վանաձորցի ատամնաբույժ Սուսաննա Մկրտումյանը իր մտահոգությունն է հայտնում առաջին հերթին ոչ թե նրա համար, որ հարկերի բարձրացում է սպասվում, այլեւ մեկ այլ` ավելի խորը ու մտահոգող հարցի շուրջ. «Ստեղծված իրավիճակը անպայման վատ կանդրադառնա ոչ միայն բժիշկների, այլ նաեւ մեր բնակչության վրա, կլինեն թանկացումներ, սակայն սա խնդրի ավելի մեղմ կողմն է, որովհետեւ կավելանան ստվերային, անօրիանկան աշխատողները, հետեւաբար կնվազի որակը, ինչը ոչ ցանկալի հետեւանքներ կարող է առաջացնել»: Բժշկուհի Սուսաննայի կարծիքով, թանկացումները կլինեն համեմատաբար փոքր, սակայն ավելի վտանգավոր գոտում են հայտնվում ատամանբուժարաններում տիրող ստերիլ վիճակը, նյութերի որակի նվազեցումը, որովհետեւ միայն թանկացումներով այս խնդիրը չի կարող լուծվել. «Եթե մենք աշխատենք նույն գներով եւ նույն նյութերով, մենք չենք կարող վճարել այդ հարկերը, իսկ եթե մենք թանկացումեր կատարենք, մեր բնակչությունը վճարունակ չի կարող լինել, այստեղ մնում է, որ յուրաքանչյուր կլինիկա չփորձի ստեղծված իրավիճակը նյութերի որակի իջեցմամբ լուծել, այդ դեպքում հետագայում խնդիրներն ավելի մեծ կլինեն»:

 

Հունվրաի 1-ին ընդունված օրենքի համաձայն` այսուհետեւ կլինիկաները պետք  է հարկեր վճարեն առանձին` նաեւ ռենտգեն ծառայության, օրթոպեդիկ տեխնիկական սեղանների ու աթոռների, համալսարանական կլինիկաներում ատամնաբուժական սեղանների, զննման կաբինետների համար:

 

Բժշկուհի Սուսաննա Մկրտումյանի խոսքով՝  Հայաստանում գործող նորմալ ստոմատոլիոգական կենտրոնները, ցանկալի է, ունենան մի քանի աշխատասենյակ եւ յուրաքանչյուր սենյակում  կարողանան կատարել մի քանի նեղ մասնագիտական միջամտություններ, եւ ինչքան սենյակները, ատամնաբուժական աթոռները, բժիշկները շատ լինեն, այնքան ստոմատոլոգիան Հայաստանում ավելի շատ կզարգանա. «Չեմ հասկանում` այս օրենքն ընդունողներն ինչի մասին են մտածել. ամեն ինչ տանում է նրան, որ մենք նորից պակասեցնենք  աշխատասենյակների քանակը, որովհետեւ հնարավոր չէ այդպես աշխատել: Եթե բժիշկը օրթոպետիկ միջամտություն պետք է անի, նա պետք է վճարի 1 ատամնաբուժական աթոռի համար, սակայն նա աշխատում է երեք ատամնատեխնիկի հետ, որովհետեվ յուրաքնչյուր տեխնիկ մի գործողություն է կատարում, եւ նորից ամեն մի ատամնատեխնիկ պետք է վճարի իր ատամնաբուժական աթոռի համար: Ստացվում է, որ վճարում ենք անգամ քառակի, իսկ սա արդեն մեծ գումարի մասին է խոսում»:

 

Այս ամենի հետեւանքով, բնականաբար, կկրճատվեն աշխատատեղերը, եւ  ստվերային դաշտը ավելի կմեծանա: Մնում է հուսալ, որ առողջապահության նախարարությունը կվերանայի հունվարի 1-ին ընդունած օրենքը եւ ստեղծված իրավիճակին օբյեկտիվ լուծում կտա:

Լուսինե Ավագյան

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: