Ինչպես ստվերը սպիտակ դաշտ բերել

Ինչպես ստվերը սպիտակ դաշտ բերել

15.12.2016

Առողջապահության նախարարությունը պատրաստ է լսել յուրաքանչյուր առաջարկ այն մասին, թե ինչպես օրինականացնել հիվանդանոցներում ստվերային շրջանառությունը։ Այս մասին երեկ գործադիրի նիստից հետո լրագրողներին ասաց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ միաժամանակ հստակեցնելով, որ նախկինում իր արած հայտարարությունը վերաբերել է ոչ թե կաշառքը հարկելուն, այլ ստվերից շրջանառությունը սպիտակ դաշտ բերելուն։

Հետաքրքիր է, իսկ ի՞նչ եղանակով, մեխանիզմով է նախարարությունը պատրաստվում կրճատել ստվերը։ Ի պատասխան՝ Լեւոն Ալթունյանն անկեղծացավ. «Երբ պատկերացնեմ, երբ փաթեթը պարզ լինի, մենք կհրավիրենք ասուլիս, եւ ես վերջնականապես իմ խոսքը կասեմ»։
Ի դեպ, բժշկական հաստատություններին իջեցվել է շրջաբերական՝ տվյալ թեմայով առաջարկներ ներկայացնելու համար։

Այստեղ էլ մեկ այլ հարց է ծագում, թե ինչպես կարող է կաշառք վերցնող բժիշկը ստվերը վերացնելու առաջարկ ներկայացնել։ «Ինչո՞ւ եք կաշառքի մասին խոսում,—լրագրողների հարցին հարցով պատասխանեց նախարարը եւ ապա հավելեց,–ստվերում ոչ միայն կաշառքն է»։

Նախարարը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց նաեւ, որ հանրապետությունում գրիպով վարակվածների թիվը նվազում է ապրել։ Պիկի համեմատ՝ ցուցանիշը նվազել է մոտավորապես 2.5 անգամ, եթե այդ թիվը 17 հազար էր նախորդ շաբաթ, ապա այսօր 5200—ի է հասնում հիվանդների թիվը։ Իսկ հոսպիտալացման մակարդակը մնացել է նույնը ինչ մեկ շաբաթ առաջ, երբ գրիպով հիվանդների թիվը հասնում էր առավելագույնի։


Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: