Շիրակի բժիշկ-ստոմատոլոգներին համոզում են․ Լ․Ալթունյանն էլ Երեւան է հրավիրում

Շիրակի բժիշկ-ստոմատոլոգներին համոզում են․ Լ․Ալթունյանն էլ Երեւան է հրավիրում

15.03.2018

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն մարտի 14-ին Շիրակի մարզում էր, սակայն չհանդիպեց մարզի ստոմատոլոգներին, ովքեր մեկ շաբաթից ավել է՝ բողոքում են էլեկտրոնային համակարգի ներդրման եւ ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի 1033-Ն որոշման դեմ։

ՑԱՅԳ հեռուստաընկերության հարցին ի պատասխան նախարարն ասել է, որ մարզի ստոմատոլոգների հետ հանդիպում նախատեսված չէ։
«Եթե իրենք շատ մեծ ցանկություն ունեն, ես իրենց Երեւանում կհուրընկալեմ»,-եզրափակել է նախարարը։

Նախարարի փոխարեն Շիրակի մարզի բժիշկ-ստոմատոլոգներին հանդիպեց նախարարության ներկայացուցիչ Արթուր Թադեւոսյանը, ՀՀ գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը, armed էլեկտրոնային առողջապահական համակարգի ներկայացուցիչ Գեորգի Ասատրյանը, ովքեր համոզում էին ստոմատոլոգներին միանալ համակարգին եւ գործել կառավարության որոշմանն համապատասխան։
ՀՀ գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանն ասաց, որ խնդիրն առկա է, պահանջված հարցերը տեղին են, մտահոգությունը գալիս է անտեղյակությունից։

«3 ամիս հետո մենք նոր կհասկանանք, թե սա ինչ է, այս պահին ասեմ, որ ծրագիրն իմ սրտով է, այլ հարց է, թե դա ո՞նց է կազմակերպվելու։ Գրանցվելը կառավարության որոշումն է, հետո ընթացքում կհասկանաք՝ ինչ է ստացվում»,-ասաց գլխավոր ստոմատոլոգը։
Փաստաբան Արամայիս Հայրապետյանը նշեց, որ մինչեւ համակարգ մուտքագրելն է խնդիրը ծագում․ կառավարության որոշումը պահանջում է այցելուի անձնական տվյալների մշակում եւ մուտքագրում, այնինչ օրենքը պահանջում է պահպանել անձի անձնական տվյալների գաղտնիությունը․ այսինքն՝ առանց անձի համաձայնության բժիշկն իրավունք չունի վերջինիս տվյալների մշակումն ու մուտքագրումը։

«Եթե եղավ մեկը, ով չհամաձայնեց տվյալների մշակում, բայց բուժում ստացավ, փաստացի ատամնաբույժը խնդիր է ունենում չմուտքգարելու հետ կապված, այդ պարագայում հարցն ինչպե՞ս է կարգավորվելու։ Եթե ես, որպես հիվանդ, ասեմ, որ թույլ չեմ տալիս իմ տվյալներն այս կարգով մշակելու, որովհետեւ օրենքով նախատեսված չէ առանց իմ համաձայնության, պետք է լինի միայն իմ համաձայնությամբ, ի՞նչ անի այս դեպքում ատամնաբույժը»,-փաստաբանն հարցրեց առողջապահության նախարարության ներկայացուցիչ Արթուր Թադեւոսյանին։ Ա․Թադեւոսյանը պատասխանեց․ «Ես չեմ կարա ասել, թե այդ հարցը ո՞նց պիտի լուծում ստանա»։
Ինչպես արդեն հրապարակել էինք, Շիրակի մարզի ստոմատոլոգներն ասում են, որ կառավարության 2017թ. օգոստոսի 24-ի 1033-Ն որոշումը խնդրահարույց է եւ առաջացնում է ֆինանսական եւ այլ խնդիրներ, որոշումն ընդունվել է հապճեպ, այն մինչ ընդունումը նախապես չի քննարկվել մասնագետների հետ:

«Ստոմատոլոգիական բուժծառայությունն ունի իր առանձնահատկությունները, որոնք հաշվի չեն առնված, օրինակ՝ աշխատաժամանակի ոչ նորմավորված լինելու հանգամանքը»,-շարունակում են հաստատել նրանք:

Ըստ Շիրակի մարզի ստոմատոլոգների, ամսական մեկ բժիշկ-ստոմատոլոգի դեպքում հավելյալ գումար է պահանջվում 130-140 000 ՀՀ դրամի չափով:

Բժիշկ-ստոմատոլոգն այցելուի տվյալները պետք է էլեկտրոնային տարբերակով մուտքագրի, համակարգը վճարովի է, որի համար ստոմատոլոգիական կլինիկաները պարտավոր են ամսական վճարել 7.500-20.000 ՀՀ դրամ` ըստ այցելությունների, բացի դրանից, համակարգին միանալու համար կլինիկան ունենալու է բարձրակարգ ինտերնետ, համակարգիչ։ Եւ քանի որ ոչ բոլոր բժիշկ-ստոմատոլոգներն ունեն ժամանակ, հետեւաբար, տվյալները վճարովի համակարգ մուտքագրելու համար աշխատանքի են ընդունելու օպերատոր, որին ամսական նվազագույնը վճարելու են 80 հազար ՀՀ դրամ։ Խնդիրները, սակայն, այս ամենով չեն սահմանափակվում։
Կառավարության որոշմամբ պահանջվում է ստոմատոլոգիական ծառայություններից օգտված քաղաքացու անձնական եւ առողջական տեղեկությունների մշակում եւ մուտքագրում Արմեդ համակարգ։ Այսպիսով, վտանգվում է անձնական տվյալների գաղտնիության պաշտպանությունը։ Ըստ ստոմատոլոգների՝ համակարգում տվյալների ներկայացման մեջ պահանջվում է առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկեկատվություն, քանի որ ստոմոտոլոգիական ծառայությունը առևտրային գործունեություն է, այդ տեղեկատվությունը կարող է օգտագործվել անբարեխիղճ մրցակցային նպատակներով, ուստի կարծում են, որ այստեղ եւս կառավարության որոշումը հակասում է առեւտրային գաղտնիքի չհրապարակումը կարգավորող օրենսդրությանը: Ազգային անվտանգության տեսանկյունից չկա երաշխիք բազայի պաշտպանվածության վերաբերյալ, չի նշվում տվյալ տեղեկատվության անվտանգության իրավական երաշխիքները:
Այսօրվա հանդիպման արդյունքում եւս շատ հարցեր մնացին անպատասխան․ նախարարության ներկայացուցիչն առաջարկեց նախաձեռնող խումբ ձեւավորել ստոմատոլոգներից եւ հստակ առաջակությունների փաթեթ ներկայացնել առողջապահության նախարարին։ Մյուս կողմից էլ, ստոմատոլոգները դեմ են էլեկտրոնային համակարգին միանալու կառավարության որոշմանը։


Անի Մկրտչյան

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: