Ատամնաբույժներն առաջարկում են նախարարությանը «չմտնել» իրենց գրպանները

Ատամնաբույժներն առաջարկում են նախարարությանը «չմտնել» իրենց գրպանները

21.03.2018
«Առողջապահության էլեկտրոնային համակարգին միանալուց հետո, երբ ֆինանսական բեռն ավելանա, կամ գնալու ենք առաջարկվող ծառայությունների գների բարձրացման, կամ օգտագործվող թանկարժեք նյութերն ավելի էժան համարժեք տարբերակով փոխարինելուն»,- ասում է գյումրեցի ստոմատոլոգ Սերգեյ Սերոբյանը: Նրա ստոմատոլոգիական կաբինետը գործում է 2012թ-ից, պատկանում է Հայաստանում գործող բազմաթիվ ատամնաբուժական փոքր կաբինետների թվին:
 
Աղքատության բարձր ցուցանիշ ունեցող Շիրակի մարզում, որտեղ ատամնաբուժական ծառայություններ մատուցող հաստատություններն ավելի մատչելի գնային քաղաքականություն են վարում, քան մայրաքաղաքում, համակարգի ներդրումից հետո կամ ստիպված են լինելու գնալ թանկացումների, կամ փակվելու են: «Իհարկե ծայրահեղ բան ենք ասում փակվելու մասով, սակայն չի բացառվում, որ մեկ բազկաթոռով գործող եւ այցելուների մեծ քանակ չապահովող ստոմատոլոգիական որոշ փոքր կաբինետներ իրոք կփակվեն»,- նկատում է ստոմատոլոգ Էմիլ Ասլանյանը: Նրանց ընտանեկան կլինիկան Գյումրիում գործում է 1998թ-ից: Փակվելու վտանգ Ասլանյաններին պատկանող կլինիկային չի սպառնում, սակայն Էմիլն անհանգստացած է գործընկերների համար:
 
Սերգեյ Սերոբյանն ու Էմիլ Ասլանյանը թվերի լեզվով ներկայացնում են այն հաշվարկները, որոնք արել են ատամնաբուժական փոքր կաբինետների եւ միջին՝ երեք բազկաթոռով գործող կլինիկաների համար: «Ես համակարգին միանալուց հետո ուզեմ, թե չուզեմ համակարգչային օպերատորի եմ ընդունելու աշխատանքի,- ասում է Սերգեյը,- աշխատավարձի չափը դեռ անհասկանալի է, սակայն հասկանում ենք նաեւ, որ սա Երեւանը չէ, ու մեծ թվեր չենք կարողանալու առաջարկել, մանավանդ որ մենք էլ այդ թվերը չենք աշխատում: Հաշվարկն արել ենք մինիմալ աշխատավարձի չափը հիմք ընդունելով»:
 
Ըստ այդ հաշվարկների, եթե անգամ օպերատորը համաձայնվի աշխատել 60 հազար դրամով, և դրան էլ գումարվի գործատուի կողմից վճարվելիք հարկերը՝ 22-23 հազար դրամի չափով, ապա արդեն իսկ 83 հազար դրամ, որպես աշխատավարձ, չնախատեսված ծախս է ավելանում: «Սրան գումարվում է ինտերնետի 10 հազար դրամ վարձը, 1000 դրամ զինվորի ֆոնդին, մինչեւ 500 այցի դեպքում սահմանված 15 հազար դրամը(մինչեւ 200 այցը՝ 7000, մինչեւ 500 այցը՝ 15.000 եւ 500-ից ավելիի դեպքում 20.000 դրամ մուծում), քանի որ ըստ նոր կարգի` իրենք ֆիքսում են ոչ թե պացիենտի քանակը, այլ՝ պացինետի այցերի, այսինքն ստացվում է, որ միջինը մենք սպասարկում ենք 16-17 այցելուի, սակայն նրանց կատարած այցերը կարող են լինել ավելի շատ՝ 3-ից 15, ամեն այցը գնահատված է 30 դրամ, դա նույնպես վճարում ենք մենք,- բացատրում է Սերգեյը,- սրանց ավելանում է 12 հազար դրամ` այցերի համար և ստացվում է 120 հազար դրամ հավելյալ ֆինանսական բեռ: Սա դեռ հաշվարկել ենք այն կաբինետների համար, որոնք կայուն ու համեմատական առումով մեծ թվով այցելուներ ունեն: Քիչ այցելու ունեցող կաբինետների համար ինչքան էլ գումարը նվազի, 100 հազար դրամը հաստատ կա»:
 
Սերգեյի ամսական ծախսը (բազկաթոռի համար վճար՝ 57 հազար դրամ ֆիքսված գումար, երկու աշխատակցուհու աշխատավարձ, դեղորայքի ձեռքբերում, կոմունալ վճարներ եւ այլն) կազմում է մինիմում 300 հազար դրամ, նոր համակարգին անցնելով` ֆինանսական բեռն ավելանում է 120 հազար դրամով:
 
«Եթե պետությունը ցանկանում է այդ համակարգը ներդնել, թող վճարի բյուջեից, ոչ թե բժշկի գրպանից,-նկատում է Էմիլ Ասլանյանը,- օրինակ ՊԵԿ-ը, որ ներդրեց իր նոր համակարգը, մեր կողմից մաքսիմալ ծախսը եղավ ID քարտը կարդացող սարքը գնելը: Մենք երկու տարի է` անցել ենք էլեկտրոնային հաշվապահության, ու ընդհանրապես ոչ մեկը մեզ չի ասել, թե էդ էլեկտրոնային հաշվապահության համար պիտի թեկուզ 100 դրամ մուծես: ՊԵԿ-ը որոշել էր, որ դա իր համար շատ կարեւոր բան է՝ ներդրել է, էդ ինֆորմացիաները էլեկտրոնային տարբերակով ունենալու համար ինքը գնաց դրան իր ծախսերով: Հիմա առողջապահության նախարարությունն ուզում է բժիշկների գրպանի հաշվին ունենա ստատիստիկա՝ առանց գումար ծախսելու, երբ որ դա ոչ թե մեզ է պետք, այլ իրենց»:
 
Ասլանյաններին պատկանող ընտանեկան ատամնաբուժական կլինիկայում գործում է երեք բազկաթոռ: Էմիլի հաշվարկով իրենք պետք է աշխատանքի ընդունեն առնվազն համակարգչային երկու օպերատորի, եթե ոչ՝ երեք: «Չենք կարող մեկ օպերատոր ընդունել, ինչպես ասում էր մեզ հետ հանդիպման եկած նախարարության աշխատակիցը, որովհետեւ հաստատ հերթ կառաջանա, եթե միաժամանակ երեք բժիշկի մոտից էլ հիվանդ դուրս եկավ ու պետք է օպերատորին թելադրես կատարածդ գործողությունները, որ նոր անցնես մյուս պացիենտին,- ասում է Էմիլը,- բացի այդ, ուրիշ խնդիր էլ կա բուժման մեթոդների ձեւերի ու տեսակների վերաբերյալ ինֆորմացիայի տեղադրման հետ կապված»:
 
Էմիլ Ասլանյանը Գերմանիայում վերապատրաստվելու համար տարեկան 3000 եվրո է ծախսում՝ ձեռք բերած գիտելիքները ներդնելով սեփական կլինիկայի բուժական ծրագրերում: Մեկ ուրիշն ընդհանրապես չի ծախսում ոչ մի լումա ինքնազարգացման վրա եւ, շնորհիվ ներդրվող համակարգի, երբ անձի թույլտվությամբ նրա հիվանդության պատմությունը դառնում է հասանելի մեկ այլ բժշկի, հասանելի է դառնում նաեւ հիվանդության բուժման մեթոդիկան, որ պարտադիր լրացվելու է:
 
«Մեզ ասում են, որ գործը հեշտացնելու համար լինելու են ստանդարտ ձեւեր, որ ընդամենը մի նշումով գործը հեշտացնում են՝ երկար-բարակ չգրելու համար: Հիմա հարց. արդյո՞ք այդ ցանկում կլինեն այն մեթոդները, որ որոշ բժիշկներ գիտելիքների տեսքով ստանում են արտերկրում՝ ծախսելով գումար եւ ժամանակ: Ես կամ չեմ լրացնելու, որը կնշանակի խախտում եմ արել, կամ մի երկու բառով ինչ-որ բան է գրվելու՝ ողջ ինֆորմացիան չտրամադրելու համար»,- նկատում է Էմիլ Ասլանյանը:
 
Զրուցակիցներիս կարծիքով, եթե առողջապահության նախարարությունը կոչ է անում բիզնեսռեգիստրում գրանցվել, որ կարողանան հասկանալ, թե քանի լիցենզավորված կլինիկա կա գործող, հայտնաբերեն ստվերում գործողներին, եւ եթե առողջապահության նախարարությունը մինչեւ հիմա չունի այդ ինֆորմացիան՝ նշանակում է նախարարության 130 աշխատակիցը պարզապես չի աշխատում:
 
«Մենք ամեն տարի լիցենզիայի համար պետտուրք ենք մուծում, կարելի է մեկ հատ հարցում անել ՊԵԿ-ին, ու հարցը կփակվի: Հիմա, եթե նախարարությունում չգիտեն գործող 100 հատ կլինիկա կա, թե՞ 1000, իրենք ո՞նց են որոշել էս գները: Պոլիկլինիկաներում համակարգի ներդրումը պետությունը սուբսիդավորել էր: Պոլիկլինիկաները, որ էս մեկ տարին չարչարվել են ծրագրի հետ, իսկ իմ տեղեկություններով իրոք չարչարանք է եղել, օգնել են, որ որոշ չափով ծրագիրը կայանա, ու էլի հում է, էլի աշխատելու տեղ կա,-ասում է  Էմիլը,- գուցե արժե՞ր, որ լուսաբանվեր, թե ինչպես է ներդրվել համակարգը պոլիկլինիկաներում, ու ինչ խնդիրներ կան: Եթե 10 տարի էս ծրագրի վրա աշխատել են ու դեռ հում է, թող մի 10 տարի էլ աշխատեն, ինչու՞ են շտապում»:
 
«Զուտ իմ անձնական կարծիքով համակարգի ներդրման ամենամեծ թերությունն այն է, որ իրենց խոստացած ուսուցումը պետք է կազմակերպեին նախօրոք, որպեսզի բժիշկներն իմանային, թե ինչի հետ գործ ունեն, եթե մանրամասներն իմանայինք շատ հնարավոր է` էսօրվա հարցադրումների մի մասը չլիներ,- նկատում է Սերգեյ Սերոբյանը,- մեզ առաջարկում են` եկեք պայմանագիր կապենք, նոր ուսուցանենք, թե ինչ պիտի անեք: Ես մի օրինակ բերեմ: Եթե անծանոթ շշով հեղուկ է դրած, խմելուց առաջ ցանկացած մարդ նախ կկարդա ինֆորմացիան, որ իմանա ինչի համար խմի, ինչպես խմի, ինչ հետեւանքներ կունենա, ճի՞շտ է: Ոչ ոք չի խմելու, հետո նոր կարդա: Հիմա մեզ ասում են, արեք դուք խմեք էդ հեղուկը, հետո կբացատրենք` ինչ կլինի ձեր հետ, մանավանդ որ էդ հեղուկը լրիվ փորձաքննություն անցած չէ»:
 
Ստոմատոլոգների տեղեկություններով` առողջապահական էլեկտրոնային նմանատիպ համակարգ գործում է միայն Իռլանդիայում եւ Էստոնիայում: «Մեզ ասեցին, որ Հայաստանի նման փոքր երկրներ են ու հաջողությամբ կիրառում են, բայց հաշվի չեն առնում այդ երկրների կենսամակարդակը, մարդկանց ստացած աշխատավարձը, գործազրկության ցածր ցուցանիշը»,- նկատում է Էմիլը: Սերգեյն էլ իր հերթին է նշում, որ օրինակ Ամերիկայում նման համակարգով աշխատելու պարագայում, ստոմատոլոգի մոտ մեկ այցի դեպքում հիվանդի համար վճարվում է 1 ցենտ, որ հավասար է 5 դրամի, ինչու՞ է որոշվել, որ Հայաստանում այն պիտի լինի 30 դրամ:
 
«Հիմա տեսեք, ամերիկացի բժիշկը երեք այցով ծախսում է 15 դրամ, ստանում է 700-900 դոլարի կարգի գումար` արած աշխատանքի դիմաց: Մեզ մոտ 3 այցի համար պետք է վճարենք 90 դրամ ու ասենք էդ նույն գործողության համար Գյումրիում պացիենտից վերցնենք 5000 դրամ, որտե՞ղ է տրամաբանությունը»,- հարցնում է Սերգեյ Սերոբյանը:
 
«Հետք»

 

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: