Մինչև ս.թ. հունիսի 1-ը ատամնաբուժարանները կազատվեն էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժանորդագրային վճարից

Մինչև ս.թ. հունիսի 1-ը ատամնաբուժարանները կազատվեն էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժանորդագրային վճարից

26.03.2018
«Նախարարի ժամանակավոր զիջումները մեզ պետք չեն։ Մենք էլեկտրոնային առողջապահական համակարգին կմիանանք, միայն եթե այն բացարձակ անվճար լինի, և հաշվի առնվեն մեր մասնագիտական առանձնահատկությունները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գյումրեցի ատամնաբույժ Արամայիս Մխիթարյանը։
 
Նշենք, որ մարտի 22-ի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարեց, որ մինչև այս տարվա հունիսի 1-ը ատամնաբուժարանները կազատվեն էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժանորդագրային վճարից։ «Օպերատորը, որը մշակում է ծրագիրը և անցկացնում է թրեյնինգներ բժիշկների համար, սահմանել է, որ բուժկենտրոնները, մասնավորապես ատամնաբուժարանները կազատվեն աբոնենտային վճարից մինչև հունիսի մեկը: Դրանից հետո այդ գումարը կսկսի հաշվառվել, և հարկ է վճարել աբոնենտային վճարը»,- հայտարարել էր Ալթունյանը։
 
Էլեկտրոնային առողջապահական համակարգի միասնական օպերատորը «Արմեդ» ընկերությունն է։ Ամեն այցելուի համար բժիշկը օպերատորին պետք է վճարի 30 դրամ։ Եվ կապ չունի՝ հաճախորդին կոնսուլտացիա՞ է արվել, ատամի հեռացո՞ւմ, թե՞ այլ ծառայություն է մատուցվել։
 
Հատկապես Շիրակի մարզի և Վանաձորի ատամնաբույժները դեմ են այս համակարգին՝ պնդելով, որ իրենք պարտավոր չեն վճարել մի ընկերության, որ այդ ընկերությունը վերահսկի իրենց գործունեությունը։ «Շիրակի մարզում ոչ մի ստոմատոլոգ չի աշխատելու այդ համակարգով, չի միանալու այդ համակարգին՝ մինչև չգան, մեզ հետ չքննարկեն, չլսեն մեր պահանջները։ Անցած անգամ մենք հանդիպում էինք պահանջել, մի անկապ ինչ-որ մեկին ուղարկել էին, որը ոչ կոմպետենտ էր պատասխանելու մեր հարցերին։ Հիմա էլ նախարարը վեր է կացել հայտարարում է՝ օգտագործեք, հունիսի 1-ից կվճարեք։ Մենք էլ ասում ենք՝ ոչ։ Ոչ օգտագործելու ենք, ոչ էլ վճարելու։ Ես կրկնում եմ՝ մենք կաշխատենք այդ համակարգով, եթե այն բացարձակ անվճար լինի, ինչպես նաև քննարկման ենթակա լինեն մեր մասնագիտական առանձնահատկությունները»,- նշեց Մխիթարյանը՝ հավելելով, որ, օրինակ, ինքը օրական 20-25 հաճախորդի հետ է շփվում, այդքան հաճախորդ է սպասարկում, և եթե դրան զուգահեռ օպերատորություն անի, ապա չի հասցնի գործով զբաղվել, իսկ առանձին օպերատոր-աշխատակից պահելը ենթադրում է հավելյալ վարձատրություն նվազագույնը 100-150 հազար դրամի չափով։ Իսկ ինքը պատրաստ չէ իր գրպանից այդքան գումար վճարել մեկին, ով ուզում է իր գործունեությունը հսկել, որպեսզի ամիսներ անց փոխի նաև իր հարկատեսակը։
 
Ինչ վերաբերում է պայքարին, ակցիաներին, ապա Արամայիս Մխիթարյանն ասաց, որ իրենք նամակ էին գրել կառավարությանը, որը հասցեագրվել է առողջապահության նախարարությանը։ Այդ նամակի պատասխանը ստանալուց հետո էլ կորոշեն իրենց հետագա անելիքները։
 
Նշենք, որ ըստ առողջապահության նախարարի՝ մինչ այսօր էլեկտրոնային համակարգին միացել է 1600 բուժկենտրոն, որից 392-ը ատամնաբուժարաններն են:
 
Լուսանկարը՝ hetq.am-ի

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: