Արմավիրի մարզի ստոմատոլոգները պահանջում են չեղարկել կառավարության որոշումը

Արմավիրի մարզի ստոմատոլոգները պահանջում են չեղարկել կառավարության որոշումը

28.03.2018
Արմավիրում տեղի ունեցավ ստոմատոլոգների բողոքի ֆորմալ հանդիպում՝ կապված ոլորտի էլեկտրոնային համակարգի ներդրման հետ:
Արմավիրի մարզի գլխավոր ստոմատոլոգ Գրիգոր Ավագյանն իր բացման խոսքում նշեց, որ պահանջի մեջ թյուրըմբռնում կա. էլեկտրոնային համակարգը միախառնել է ստոմատոլոգներին և ատամնաբույժներին: Բանախոսի մեկնաբանությամբ իրենք ստոմատոլոգներ են, այլ ոչ ատամնաբույժ: Այս բառը, 70-ականներից, երբ փակվեց Բժշկական ուսումնարանի համապատասխան բաժինը, դուրս եկավ շրջանառությունից: Ատամնաբույժը համարվում էր միջին բուժաշխատող, այլ ոչ բժիշկ:
 
Հանդիպմանը, բացի մարզի ստոմատոլոգներից, մասնակցում էին նաև Առողջապահության նախարարության և «Արմեդ» ՍՊ ընկերության ներկայացուցիչներ, ովքեր, պատասխանելով ներկաների անհանգստացնող հարցերին, ամեն կերպ փորձում էին արդարացնել էլեկտրոնային համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում ստոմատոլոգները իրենց մտահոգությունը հայտնեցին էլեկտրոնային համակարգի անցնելու կապակցությամբ առաջացող դժվարությունների մասին , որը ենթադրում է լրացուցիչ ծախսեր, նոր աշխատողներ:
 
Մարզի ստոմատոլոգների համար անակնկալ էր համակարգի հապճեպ, առանց քննարկումների ներդրումը և առանձին դրույթներ, որոնց պահպանումը գործնականում անհնարին է կամ տարօրինակ: Օրինակ, պետական կառույցներին համակարգի ներդրումը իրականացվել է մասնակի պետական միջոցների հաշվին: Մասնավորը ինքը պետք է կատարի համակարգի ներդրման բոլոր ծախսերը:
Ստոմատոլոգների կարծիքով, առավել տարօրինակ է այն փաստը, որ համակարգը մարսելու և անցում կատարելու ժամանակ չի տրվել: Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում անհնար էր կառավարության որոշումն ի կատար ածել:
 
Նշենք, որ համակարգի գործարկման մեկնարկ սահմանվել է 2018թ. մարտի 6-ը:
Ներկաների կարծիքով, որոշման ամենաանընդունելի կետը համակարգը սպասարկող «Արմեդ» ընկերության աշխատանքային ժամերին համապատասանեցնելն էր մարզի ստոմատոլոգների աշխատանքը. այն դեպքում, երբ գյուղական համայնքներում գյուղացին իր առողջության մասին մտածում է դաշտից տուն գալուց հետո, այսինքն ժամը 18:00-ից հետո, որի վրա համակարգը սպասարկող ընկերությունը արգելք է դրել և սահմանել է ատամի ցավ ունենալու իր ժամը՝ մինչև 18:00-ն, կամ սպասել մինչև առավոտ:
 
Կառավարության որոշումից զատ, մարզի ստոմատոլոգները զայրացած էին «Արմեդ» ընկերության աշխատակիցների հանդգնության վրա, ովքեր մի քանի անգամ զանգել և սպառնացել են զրկել արտոնագրից, եթե իրենց նշած ժամկետներում չգրանցվեն համակարգում: «Արմեդ»-ի ներկայացուցիչը հերքեց տեղի ունեցածը՝ ասելով.- «Հնարավոր է զանգահարողներն իրենց աշխատակիցները չեն եղել»:
 
Ստոմատոլոգները մտահոգված էին հիվանդների անձնական տվյալների և իրենց աշխատանքային մեթոդների գաղտնիության պահպանմամբ: Հանդիպման մասնակիցները միակարծիք էին, որ այս միջոցառումն ավելի շատ կհարվածի առանց այն էլ անվճարունակ մարզի հասարակության գրպանին: Միևնույն ժամանակ ստոմատոլոգներն իրենց մտահոգություններն ու առաջարկությունները նամակի տեսքով ներկայացրել են ՀՀ վարչապետին և Առողջապահության նախարարին:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: