Ատամնաբուժական ծառայությունների մակարդակը երկրի տնտեսությունից է կախված

Ատամնաբուժական ծառայությունների մակարդակը երկրի տնտեսությունից է կախված

30.05.2018

Ատամնաբուժական ծառայությունների մակարդակը կախված է երկրի տնտեսական իրավիճակից, որքան վճարունակ է բնակչությունը, այդքան ավելի բարձր է ծառայությունների որակը, որոնք նրանք կարող են ակնկալել։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել պրոֆեսոր Բեդրոս Յավրու-Սակուկը՝ Նյու Յորքի համալսարանից։

Նրա խոսքով՝ որակյալ ատամնաբուժական գործիքները ու նյութերը էժան չեն, ու ատամնաբույժները, որոնք մասնավոր պրակտիկա ունեն, դրանք ձեռք չեն բերի, եթե չկարողանան ողջամիտ ժամանակահատվածում վերադարձնել դրանց համար ծախսած գումարները։

«Եթե երկրի բնակչությունը վճարունակ չէ, չարժե ակնկալել, որ երկրում որակյալ բուժում կամ պրոթեզավորում կլինի», - նշել է Յավրու-Սակուկը: - «Իսկ եթե տնտեսությունը զարգանա, մարդիկ ավելի վճարունակ կդառնան, դա կնպաստի երկրում ատամնաբուժության զարգացմանը»։

Նրա կարծիքով, բժշկության զարգացմանն առհասարակ ու ատամնաբուժության զարգացմանը մասնավորապես կարող է նպաստել նաև բժշկական ապահովագրության ներդրումը, եթե իհարկե ապահովագրական մուծումներն ու վճարները ողջամիտ լինեն։ Այսպես թե այնպես, ապահովագրությունը բազմաթիվ բժշկական ծառայություններ ավելի մատչելի կդարձնի բնակչության ավելի լայն շերտերի համար։

Թե պարտադիր պետական, թե մասնավոր բժշկական ապահովագրության ներդրման կարևորությունը լրագրողների հետ զրույցում ընդգծել է նաև ԱՆ գլխավոր ատամնաբույժ, Ատամնաբույժների ասոցիացիայի ղեկավար Լազար Եսայանը։ Նրա խոսքով, եթե Հայաստանում մարդկանց մեծ մասն ունենա առողջության ապահովագրություն, ապա նրանք կիմանան,  որ առողջական խնդիրներ ունենալու դեպքում դրանք հնարավոր կլինի լուծել։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: