Ի՞նչ տարբերություն կա ատամնաբուժական կլինիկայի եւ հացի փռի միջեւ

Ի՞նչ տարբերություն կա ատամնաբուժական կլինիկայի եւ հացի փռի միջեւ

15.04.2019

Արդեն մի քանի ամիս Հայաստանի ատամնաբույժները փորձում են հասնել այն բանին, որպեսզի վերանայվի հարկումն իրենց գործունեության ոլորտում, քանի որ ատամնաբուժական կլինիկաների վճարած հարկերը նրանք համարում են անչափելի ստացվող եկամուտների հետ։ Տեղաշարժ այս ուղղությամբ արդեն կա։ Ոլորտի ակտիվիստներին խոստացել են ամբողջովին վերանայել հարկման հանդեպ մոտեցումները՝ հանել պատենտների հարկը եւ, կախված կլինիկայի շրջանառության չափերից, ներդնել շրջանառության հարկ եւ ավելացված արժեքի հարկերի նոր համակարգ, ինչպես նաեւ հնարավորության սահմանում փոքր կլինիկաների հանդեպ կիրառել փոքր բիզնեսի համար նախատեսված հարկման մեխանիզմներ։

Բայց հիմա ատամնաբույժներին տեղեկացրել են, որ կառավարությունում որոշել են «սահմանափակել մասնագիտացված ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատանքի հնարավորությունը փոքր բիզնեսի հարկման համակարգում», քանի որ  նման ծառայությունները ենթադրում են «բիզնեսի կազմակերպման ավելի բարձր մակարդակ»։ Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց «Կառուցողական ատամնաբուժություն» ՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, այդ որոշումը բնավ ճիշտ չէ եւ վերանայում է պահանջում։

Նրա խոսքով՝ փոքր բիզնեսները, որոնց շրջանառությունը չի գերազանցում տարեկան 24 միլիոն դրամը (հետեւաբար՝ ամիսը 2 մլն), համաձայն քննարկվող մեխանիզմների՝ կազատվեն հարկերից։ Սկզբում փոքր ատամնաբուժական կլինիկաները նույնպես որոշվել էր համարել փոքր բիզնեսի ներկայացուցիչներ, բայց հիմա չգիտես ինչու որոշել են չանել դա։

«Փոքր բիզնեսը փոքր բիզնես է, ի՞նչ տարբերություն՝ ատամնաբուժական կլինիկա՞ է, թե՞ հացի փուռ կամ կոշիկի ֆաբրիկա։ Եթե ֆաբրիկաները 23,5 մլն շրջանառություն ունեն, դրանք համարվելու են փոքր բիզնես ու ազատվեն հարկերից, իսկ ատամնաբուժական կլինիկան, որը 10 մլն շրջանառություն ունի, պիտի վճարի շրջանառության հա՞րկ, որովհետեւ այնտեղ աշխատող մասնագետները բուհ են ավարտել ու մասնագիտացված ծառայությո՞ւն են մատուցում։ Եթե խոսքը մեծ կլինիկաների մասին է, որոնց շրջանառությունը գերազանցում է 24 միլիոնը, նրանք կարող են շրջանառության հարկ վճարել։ Բայց եթե խոսքը փոքր շրջանառությամբ կլինիկայի մասին է, ինչո՞ւ այն չի կարող աշխատել նույն սկզբունքով, ինչով որ աշխատելու են փոքր բիզնեսի մյուս ներկայացուցիչները՝ այդ նույն հացի փռերը»,- հարցնումէ Հովհաննես Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում փոքր ատամնաբուժական կլինիկաների համար այսօրվա դրությամբ դժվար է հարկեր վճարել եւ դիմանալ մրցակցությանը, ուստի շատերը փակվում են կամ անգամ չեն էլ բացվում. օրինակ, Հոկտեմբերյանի Զարթոնք գյուղում ատամնաբուժական կլինիկա չկա, ոչ ոք չի համարձակվում բացել, որովհետեւ բնակչությունը վճարունակ չէ, եւ կլինիկան պարզապես չի կարող հարկեր վճարել։ Գեւորգյանի խոսքով՝ Հայաստանում քիչ չեն ատամնաբուժական կլինիկաները, որոնց շրջանառությունը չի գերազանցում անգամ տարեկան 10 միլիոնը, եւ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի նման կլինիկաները կարողանան գոյություն ունենալ, չէ՞ որ նրանց աշխատանքն անհրաժեշտ է բնակչության առողջության պահպանման համար։

«Մասնագիտացված ընկերությունների աշխատանքի հնարավորությունը սահմանափակելը փոքր բիզնեսի համակարգում միանշանակ ճիշտ չէ, եւ մենք կարծում ենք, որ այդ որոշումը պետք է վերանայել»,- նշել է Գեւորգյանը։

Նրա խոսքով, եթե փոքր շրջանառություն ունեցող ատամնաբուժական կլինիկաներին հարկերից ազատելու հնարավորություն չկա, ինչպես դա արվելու է փոքր բիզնեսի այլ օբյեկտների պարագայում, ապա կարելի է գոնե գտնել ոսկե միջինը, որպեսզի ե՛ւ բյուջե հարկեր մտնեն, ե՛ւ այդ ընկերությունները նորմալ աշխատելու հնարավորություն ունենան։ Այդ ոսկե միջինը գտնելու համար հայ ատամնաբույժները ցանկանում են մասնակցել բոլոր քննարկումներին, որոնք կվերաբերեն ոլորտին, եւ որոնք նախատեսվում է անցկացնել մոտ ապագայում։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: