Ատամնաշարը կարելի է ուղղել նաեւ մանուկ հասակում

Ատամնաշարը կարելի է ուղղել նաեւ մանուկ հասակում

17.06.2014

Ո՞ր տարիքում է կարելի ատամնաշարն ուղղել։ Այս հարցի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի Օրթոդոնտների Ասոցիացիայի փոխնախագահ, օրթոդոնտ Հայկ Սարգսյանի հետ։

Նրա խոսքով՝ ժամանակակից օրթոդոնտիան չունի տարիքային սահմանափակում, եւ ատամնաշարը կարելի է ուղղել թե մանուկ հասակում,  թե մեծ տարիքում։ Մաքսիմալ տարիք այս գործում գոյություն չունի՝ երբեմն նույնիսկ 60 տարեկանում են առանձին ատամների դիրքը ուղղում։

Սակայն լավագույն արդյունքներին հասնելու համար ցանկալի է, որ ատամնաշարն ուղղելու գործընթացը համընկնի երեխայի բուռն աճի հետ, քանի որ հենց այդ տարիքում է երեխայի ծնոտը աճում, իսկ բժիշկը կարող է ոչ միայն ուղղել նրա ատամնաշարը, այլ նաեւ ծնոտի աճը կառավարել:

Ո՞րն է այդ լավագույն տարիքը: Հայկ Սարգսյանի խոսքով՝ ցանկալի է երեխային հետեւել սկսած 7 տարեկանից, երբ նրա մոտ սկսում են աճել առաջին մշտական ատամները՝ հենց այդ ժամանակ են ի հայտ գալիս կծվածքային խանգարումները, որոնցից շատերը հնարավոր է եւ պետք է բուժել հենց վաղ տարիքում։

«Երբ այդ աճի շրջանն ավարտվում է, մենք արդեն ուղղակի սահմանափակվում ենք առանձին ատամները տեղաշարժելով», - նշում է օրթոդոնտը, ավելացնելով, որ մեծ տարիքում, երբ պացիենտի ծնոտն արդեն ձեւավորված է, բժիշկները երբեմն ստիպված են լինում առանձին ատամներ հեռացնել՝ ատամնաշարն ուղղելու եւ գեղեցիկ դարձնելու համար:

Ի՞նչ այլ վտանգներ կան՝ մեծ տարիքում ատամնաշարն ուղղելու հետ կապված:

Հայկ Սարգսյանի խոսքով՝ մեծ տարիքում ատամնաշարն ուղղելու խնդիրները եւ վտանգները կապված են պարոդոնտի վիճակի հետ: Հիվանդը լնդերի հետ կապված խնդիրներ ունի, պետք է նախ բուժել դրանք, ստանալ լնդերի մասնագետի թույլտվությունը եւ հետո նոր ատամնաշարի ուղղմամբ զբաղվել։ Եթե պացիենտի լնդերն առողջ են եւ ոչ մի խնդիր չկա, ատամնաշարը հնարավոր է ուղղել:

Ո՞ր տարիքի մարդիկ են Հայաստանում ամենից հաճախ դիմում օրթոդոնտներին:

Ավելի շատ դիմում են երեխաները եւ մինչեւ 20-30 տարեկան երիտասարդները, բայց վերջերս սկսել են նաեւ ավելի մեծ տարիքի մարդիկ դիմել։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: