Ինչո՞վ էր Լուիզ Սուարեսի խայթոցն այդքան վտանգավոր

Ինչո՞վ էր Լուիզ Սուարեսի խայթոցն այդքան վտանգավոր

07.07.2014

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում ուրուգվայցի Լուիզ Սուարեսի «նախաձեռնությամբ» տեղի ունեցած միջադեպը լուրջ տարաձայնությունների տեղիք է տվել: Սակայն մեկնաբանությունների ընթացքում քչերն են ֆուտբոլիստի զոհի` խայթոցի ենթարկված իտալացի Ջիորջիո Կելինիի առողջությամբ մտահոգվում, հիշեցնում է Daily Mail-ը:

Պարզվում է` մարդու խայթոցը կարող է ոչ միայն ցավոտ եւ տհաճ լինել, այլ նաեւ` առողջության հետ կապված լուրջ բարդությունների հանգեցնել:

Ընդհանուր առմամբ, բերանի խոռոչի շուրջ 700 մանրէներ գոյություն ունեն, որոնցից 100-200-ը առողջ մարդու մոտ կարելի է գտնել: Եթե կծելիս զոհի մաշկը վնասվում է, մանրէները կարող են, հյուսվածքներ ներթափանցելով, առողջության համար լուրջ սպառնալիք ներկայացնել:

Ուենդի Թոմասը, ով տարեց կին է, երկու տարի առաջ անհամեմատ անմեղ պայմաններում տեղի ունեցած խայթոցի հետեւանքով առողջական լուրջ խնդիրների է բախվել: Թոռնիկի չարաճճի արարքի արյդունքում, տատիկը քիչ էր մնացել` մատը կորցնի:

«Այն ժամանակ բանի տեղ չդրեցի: Նա մինչ այդ երբեք չէր կծել: Գիտեմ` շատ երեխաներ նման սովորություն ունեն, բայց դա խաղի ընթացքում` պատահաբար ստացվեց», - պատմում է 67-ամյա կինը:

Հաջորդ օրը թեթեւակի ցավեր սկսվեցին, եւ միայն 24 ժամ անց կինը հասկացավ, որ մատի հետ ինչ-որ բան այն չէ:

«Գիշերը մատիս ցավից արթնացա: Փորձեցի վեր կենալ անկողնուց, բայց գլուխս այնպես էր պտտվում եւ այնքան թույլ էի զգում ինձ, որ հազիվ կարողացա լոգարան հասնել», - հիշողություններն է կիսել Ուենդի Թոմասը:  Բժիշկները, տեղեկանալով, որ ախտանշանները կծելու արդյունք են, անմիջապես ներերակային հակաբիոտիկներ են նշանակել: Նրանք բացատրել են, որ Ուենդիի մարմինը նույնիսկ երկու տարեկան երեխայի բերանի խոռոչում առկա վարակի` ստրեպտոկոկի դեմ պայքարելու անհաջող փորձեր է անում:

Մարդու` խայթոցների նկատմամբ առավել խոցելի հատվածը ձեռքերն են, որտեղ, հանգույցների շուրջ, մկանների նվազագույն ծավալ է առկա, ինչը դյուրացնում է ատամների խորը ներթափանցումը եւ նյարդերի ու ջիլերի ամբողջականության տեսանկյունից լուրջ վտանգ ներկայացնում:

Ուենդիի պարագայում հենց դա էլ պատահել էր. թոռան` Ջեյքի ատամները հատել էին մատի մկանային շերտն ու ջիլերի թաղանթին  հասել, որտեղ արյան շրջանառություն չի կատարվում, ինչը վարակի արտազատումը գործնականում գրեթե անհնար է դարձնում: Չորս օր անց նրան, ապաքինման նշանների բացակայության պատճառով, վիրահատության համար մեկ այլ հիվանդանոց են ուղեգրել, որտեղ վարակը աղի լուծույթի օգնությամբ հեռացնելու փորձեր են արվել:

Բժիշկները նախազգուշացրել են, որ եթե հիշյալ գործընթացը եւս արդյունավետ չգտնվի, ստիպված են լինելու հեռացնել նրա մատը: Եւ միայն 14 օր անց, վարակի եւ մահացած հյուսվածքների հեռացմանը միտված երկու վիրահատությունների արդյունքում, ապաքինման նշաններ են սկսվել:

NEWS.am Medicine

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: