Ատամների սպիտակեցումը վնասակա՞ր է

Ատամների սպիտակեցումը վնասակա՞ր է

29.07.2014
Ատամների սպիտակեցումն այսօր շատ նորաձեւ է եւ մեծ ժողովրդականություն է վայելում՝ բոլորն ուզում են ճերմակ ատամներ ունենալ: Բայց արդյո՞ք այդ պրոցեդուրան վնասակար չէ ատամների առողջության համար: Եւ արդյո՞ք դեղին ատամներն այդքան «վատն» են:
 
Կարծիքներն ատամների սպիտակեցման վնասակարության շուրջ տարբեր են, լրագրողներին ասաց ատամնաբույժ Արթուր Փափազյանը: Ոմանք կարծում են, որ ատամների սպիտակեցումը վնասակար է, ոմանք էլ պնդում են, որ՝ ոչ: Միանշանակ պատասխան այս հարցին դեռ, ցավոք, չկա:
 
Ինչպես նշեց Արթուր Փափազյանը, ատամների սպիտակեցման վնասակար լինելու կարծիքի կողմնակիցները ասում են, որ այս պրոցեդուրան կարող է բացասաբար անդրադառնալ էմալի առողջության վրա, քանի որ սպիտակեցումը ազդում է էմալի ստրուկտուրայի եւ քիմիական բաղադրության վրա:
 
Միեւնույն ժամանակ կա հետաքրքիր մի կարծիք, որ դեղնավուն ատամները ավելի կայուն են կարիեսի եւ դրա բարդությունների նկատմամբ, քան ճերմակ ատամները: Դրա բացատրությունը եւս կա՝ ատամները «գունավորող» պիգմենտները որոշակիորեն հակազդում են արտաքին գործոններին եւ դրանց վնասակար ազդեցությանը, իսկ սպիտակ ատամներն այդ պիգմենտներից զուրկ են եւ ինչ-որ առումով՝ ավելի անպաշտպան:
 
Այսպիով, արժե՞ ատամները սպիտակեցնել, թե ոչ:
 
Գեղեցիկ ատամներ ունենալու ցանկությունը բնական է եւ հասկանալի, սակայն սպիտակեցումից առաջ արժե խորհրդակցել մասնագետի հետ. ատամնաբույժը պետք է անպայման բացատրի պացիենտին ատամների սպիտակեցման պրոցեդուրայի թե դրական, թե բացասական կողմերը, ներկայացնի հնարավոր ռիսկերը: Նման զրույցից հետո պացիենտն ու բժիշկը միասին պետք է որոշեն, թե ինչքանով է նպատակահարմար գնալ այդ քայլին:
 
NEWS.am Medicine

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: