Ընտանիքում բացասական մթնոլորտը՝ ատամների թույլ առողջության պատճա՞ռ

Ընտանիքում բացասական մթնոլորտը՝ ատամների թույլ առողջության պատճա՞ռ

11.09.2014

Նյու-Յորքի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության՝ Journal of the American Dental Association ամսագրում հրապարակում գտած արդյունքներն այն մասին են վկայում, որ կենցաղային բանավոր եւ ֆիզիկական բռնությունը կարող է ատամների թույլ առողջության պատճառ դառնալ, հաղորդում է Medical Daily-ն:

Ընտանիքում տիրող բացասական մթնոլորտը՝ հարվածների, վիրավորանքի եւ սպառնալիքների դրսեւորմամբ, կարող է բոլոր տեսակի բնականոն ռեժիմների, մասնավորապես՝ ատամները մաքրելու սովորության խախտման եւ, էմոցիոնալ սթրեսի ազդեցությամբ, գերսնման հանգեցնել: Բացի այդ էլ, հայտնի է, որ նման երեույթները կարող են մարդու իմունային համակարգի վրա անդրադառնալ, ինչը եւս ընդհանուր, այդ թվում նաեւ՝ ատամների առողջության նախապայման է հանդիսանում: «Բժշկական գրականության մեջ կարելի է բազմաթիվ օրինակների հանդիպել առ այն, որ ընտանիքում տիրող բացասական մթնոլորտը թույլ առողջության է հանգեցնում, այնպես որ, այդ տեսանկյունից, մեր կողմից արված բացահայտումներն այնքան էլ անսպասելի չէին», - նշել է հետազոտության համահեղինակ, ուսումնական հաստատությանը կից գործող ատամնաբուժական դպրոցի՝ ընտանիքի ուսումնասիրությանը միտված գիտահետազոտական ծրագրի ղեկավար Մայքլ Լորբերը:

Նրա ղեկավարությամբ գործող հետազոտական խմբի անդամները, կենցաղային բռնության եւ ատամների առողջության միջեւ կապի առկայությունը պարզելու նպատակով, գլխավորապես սպիտակամորթ, ամուսնացած կամ հետերոսեռական կապի մեջ գտնվող, տարրական դպրոցահասակ երեխաներ եւ 100 հազար ԱՄՆ դոլարի չափով միջին տարեկան եկամուտ ունցող 135 զույգերի ընտանիքում տիրող վիճակն են ուսումնասիրել: Գիտնականներն ապշել են՝ պարզելով, թե որքան հաճախ են ատամները մաքրող պարագաները մոռացության մատնվում, երբ դրանց կիրառության համար այդքան անհրաժեշտ ձեռքերը սկսում են զուգընկերոջը կամ երեխաներին ուղղված բռունցքի վերածվել: Իսկ որ ընտանեկան ագրեսիան ամերիկյան բազմաթիվ ընտանիքներում է տեղ գտել՝ այլեւս գաղտնիք չէ ոչ ոքի համար: 2005թ. իրականացված հետազոտության արդյունքների համաձայն, ծնող-երեխա եւ զուգընկերների միջեւ հարաբերություններում բռնության հավանականության ցուցանիշը 90 տոկոսի է հասնում:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կանանց պարագայում միջին ցուցանիշից 3,5-ով, իսկ տղամարդկանց դեպքում՝ 5,3-ով առավել քայքայված ատամներ ունեցող մասնակիցների մեծ մասն իրենց ընտանեկան բռնության զոհ են համարում:

NEWS.am Medicine

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: