Հայաստանում ատամնաբուժական ծառայությունների գինը,  հավանաբար, կշարունակի բարձրանալ

Հայաստանում ատամնաբուժական ծառայությունների գինը, հավանաբար, կշարունակի բարձրանալ

19.02.2015

Հայաստանում ատամնաբուժական ծառայությունների գինը,  հավանաբար, կշարունակի բարձրանալ, քանի որ «կյանքը թանկանում է», ատամնաբուժության մեջ կիրառվող նյութերն ու սարքերը եւս թանկանում են: Ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը:

Նա հավելեց, որ վերջին շրջանում ատամնաբուժական ծառայությունների գինը աճել է արտարժույթի փոխարժեքի տատանումների պատճառով: Ատամնաբուժական նյութերի գինը եւս բարձրացել է՝ մոտ 20 տոկոսով: Պատճառը, ըստ բանախոսի, այն է, որ նախկինում շատ նյութերի եւ սարքերի ներմուծման համար մաքսատուրք չկար, սակայն Մաքսային միությանն անդամակցելուց հետո մաքսատուրք է մտցվել, քանի որ սարքավորումների մեծ մասը ներմուծվում է ԱՄՆ-ից, Չինաստանից եւ եվրոպական երկրներից, այլ ոչ թե Եվրասիական տնտեսական միության երկրներից:

Բանախոսը նշեց, որ մեր երկրում մեկ ատամի լիցքի միջին արժեքը 20 000 դրամ է, ինչը, կարող է շատ բարձր գին թվալ Հայաստանի պես երկրի համար, սակայն, նրա խոսքով, լավ լիցքի համար 200 000 դրամն էլ քիչ կարող է լինել, քանի որ լիցքի գնից բացի պետք է հաշվի առնել մասնագետի աշխատանքը, նրա պատասխանատվությունը մատուցած ծառայության առջեւ: Նա ավելացրեց նաեւ, որ արտասահմանում ատամնաբույժի կատարած աշխատանքն այլ կերպ են գնահատում, իսկ ատամնաբուժական ծառայությունների գները շատ ավելի բարձր են, քան Հայաստանում՝ չնայած որ սարքավորումներն այնտեղ, որպես կանոն, ավելի մատչելի են:

Գլխավոր ատամնաբույժը հիշեցրեց, որ մեր երկրում որոշ սոցիալական խմբերի համար ատամնաբուժական ծառայությունները մատուցվում են անվճար՝ պետպատվերի շրջանակում:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: