Ինչպե՞ս հաղթահարել ստոմատոլոգին այցելելու վախը

Ինչպե՞ս հաղթահարել ստոմատոլոգին այցելելու վախը

30.10.2015
Մարդկանց մեծ մասը սարսափելի վախենում է ստոմատոլոգներից ու հնարավորինս հետաձգում է նրանց մոտ այցելությունը, ինչի պատճառով խնդիրներն ավելի են բարդանում ու բուժումն էլ՝ դժվարանում: Ինչպե՞ս կարելի է հաղթահարել վախը ստոմատոլոգի նկատմամբ: Այս հարցի շուրջ իր խորհուրդներն է հայտնել բրիտանացի ստոմատոլոգ Մարք Սքիմինգը:
 
Ստոոմատոլոգից վախեցող յուրաքանչյուր տասներորդ մարդն իրականում վախենում է ասեղներից, որոնց օգնությամբ հիվանդներին անզգայացնող դեղամիջոց են ներարկում բուժումն սկսելուց առաջ: Մասնագետի խոսքով, սրսկելու ցավի պատճառը ոչ թե այն է, որ ասեղը մտնում է մաշկի մեջ, այլ, որ անզգայացնող հեղուկը չափազանց արագ է մտնում հյուսվածքների մեջ, ինչն էլ լրացուցիչ ճնշում է առաջացնում նրանց վրա:
 
Ներարկումն ինքնին չի կարող լիովին անցավ լինել, բայց ցավը կարելի է զգալիորեն նվազեցնել: Օրինակ հատուկ գելի օգնությամբ, որը լնդերի վրա է քսվում ներարկումից անմիջապես առաջ: Որպեսզի այն ներգործի՝ երկու րոպե է պահանջվում, բայց որոշ բժիշկներ ներարկումն անում են արդեն 30 վայրկյան հետո, ու այդ դեպքում նրանց պետք է խնդրել, որ գոնե մեկ րոպե էլ սպասեն:
 
Եթե դուք շատ եք վախենում սրսկումներից, ապա կարող եք ստմատոլոգին խնդրել մատիտի նման սարքեր օգտագործի՝ Wand-ի կամ Quicksleeper-ի, որոնք նվազագույնի են հասցնում հյուսվածքների վրա գործադրվող ճնշումը՝ ներարկումները դարձնելով գրեթե անցավ: Եվ վերջապես, գոյություն ունի հատուկ ուրախացնող գազ, բայց այն օգտագործելուց մի քանի ժամ առաջ խորհուրդ է տրվում որեւէ բան ուտել, որպեսզի քչացնեք հետագա սրտխառնոցը:
 
Որոշ մարդկանց վրա տեղական անզգայացումն այնքան լավ չի ներգործում, որքան մյուսների վրա: Եթե դուք նման մարդկանց շարքին եք պատկանում, ապա անհրաժեշտ է պարզել դրա պատճառը: Գիտությանը հայտնի է, որ խարտյաշներին անզգայացնող դեղամիջոցի ավելի մեծ չափաբաժին է պետք, ինչը բացատրվում է նրանց մոտ MC1R գենի առկայությամբ: Վարակը կամ ատամի տակ գոյացած աբսցեսը նույնպես նվազեցնում են տեղական անզգայացման ներգործությունը: Դրա համար էլ մասնագետը խորհուրդ է տալիս միշտ ստոմատոլոգին պատմել ցավերի մասին, չէ՞ որ դրանք կարող են նաեւ վարակի նշան լինել:
 
Եվ վերջապես վախի ժամանակ մեր օրգանիզմի արտադրած սթրեսի հորմոնները, օրինակ ադրենալինը թույլ չեն տալիս, որ ցավազրկումը նորմալ ազդի, չնայած գիտությունը չի կարողանում հասկանալ, թե ինչու է այդպես: Որոշ ստոմատոլոգներ բուրավետ մոմեր ու հանգստացնող երաժշտություն են օգտագործում, որպեսզի ուշքի բերեն վախից դողդողացող հիվանդներին:
 
Մարք Սքիմինգի խոսքով, եթե հետեւեք ներկայացված խորհուրդներին, ապա ստոոմատոլոգին այցելելն այդքան սարսափելի չի թվա, իսկ հիվանդ ատամների բուժումը ցավ ու բացասական զգացմունքներ չի առաջացնի:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: