Ինչպե՞ս ընտրել ստոմատոլոգիական կլինիկա

Ինչպե՞ս ընտրել ստոմատոլոգիական կլինիկա

19.02.2016

Հայաստանում այսօրվա դրությամբ գործում է ավելի քան 600 ատամնաբուժարան: Ինչպես ընտրել այն կլինիկան, որտեղ Դուք կստանաք որակյալ սպասարկում եւ որտեղից «նվեր» չեք տանի  ՄԻԱՎ կամ հեպատիտ:

Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ-վիրաբույժ Կարեն Գրիգորյանը խորհուրդ է տալիս կլինիկայի ընտրության հարցում ուշադրություն դարձնել նրա արտոնագրին: Այն, որ կլինիկան պիտի արտոնագիր ունենա, ինքնին հասկանալի է: Ուշադրություն դարձրեք, թե գործունեության ինչ տեսակներ է թույլատրում այդ արտոնագիրը. Արդյո՞ք իրավունք տալիս է վիրաբուժական միջամտություն, բուժում, իմպլանտացիա կամ այլ պրոցեդուրաներ իրականացնելու: Եթե պատրաստվում եք ատամ հեռացնել, իսկ  ձեր ընտրած կլինիկայի արտոնագրում   նշված չէ, որ այն վիրահատական միջամտության իրավունք ունի, գուցե արժե, որ Դուք ուրիշ կլինիկա փնտրեք:

Մասնագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել նաեւ կլինիկայի մաքրությանը եւ անձնակազմի մաքրասիրությանը: Օրինակ` ատամնաբուժական աթոռը պիտի մաքուր լինի.  այն պիտի մաքրեն յուրաքանչյուր հիվանդից հետո:

Ուշադրություն դարձրեք նաեւ բժշկի օգտագործած գործիքներին: Մանրէազերծումից հետո գործիքները սովորաբար փաթեթավորում են հատուկ մանրէազերծված փաթեթներում, որոնց վրա գրվում է այդ գործիքների «պիտանելիության ժամկետը»:  Ցանկալի է, որ հենց Ձեր աչքի առաջ բացեն գործիքների փաթեթը:

Ինչ վերաբերում է գներին, ընտրեք այն կլինիկան, որն ավելի է համապատասխանում Ձեր գրպանին: Սակայն Կարեն Գրիգորյանը զգուշացնում է, որ ատամնաբուժության մեջ չափից ավելի ցածր գներ լինել չեն կարող, որովհետեւ լավ նյութերի ինքնարժեքը բավականին բարձր է: Եթե կլինիկան չափից ավելի ցածր գներ է առաջարկում, ուրեմն ամենայն հավանականությամբ խնայողություն է անում կամ նյութի որակի վրա, կամ մաքրության կամ էլ, օրինակ, մանրէազերծման:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: