Կաթնատամները երեխային հենց այնպես չեն տրված

Կաթնատամները երեխային հենց այնպես չեն տրված

29.02.2016
Այսօր ամբողջ աշխարհում տարածված է այն կարծիքը, թե երեխաների կաթնատամները բուժել պետք չէ, չէ՞ որ դրանք «ժամանակավոր» են եւ վաղ թե ուշ դրանց տեղում նորերը`  «հիմնականները» կաճեն: Բայց արդյո՞ք ամեն ինչ այդքան պարզ է:
 
Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր ատամնաբույժ-վիրաբույժ Կարեն Գրիգորյանը պնդում է, որ կաթնատամների «ժամանակավորությունը» վկայակոչելով` դրանք չբուժելը կարող է երեխայի մոտ մի շարք խնդիրներ ստեղծել: Հարցն այն է, որ կաթնատամների տակ գտնվում են մշտական ատամների սաղմերը, եւ եթե կաթնատամների մեջ վարակ է անցնում, չբուժելու դեպքում այն կարող է հասնել մշտական ատամների սաղմերին եւ փչացնել դրանք: Այդ դեպքում երեխայի մոտ արդեն փչացած մշտական ատամներ կաճեն:
 
Ավելին, մասնագետները պնդում են, որ կաթնատամները երեխային հենց այնպես չեն տրված. դրանք մեծ դեր են խաղում ծնոտի ձեւավորման գործում եւ  մշտական ատամների համար «հիմք» են ստեղծում: Եթե երեխան չափազանց վաղ է կորցնում կաթնատամները, նրա մոտ կարող է խախտվել ծնոտի ճիշտ զարգացումը եւ  սխալ ատամնանստվածք ձեւավորվել: Դա միայն կոսմետիկական արատ չի լինի. սխալ ատամնանստվածքը կվատացնի եւ կբարդացնի սնունդը ծամելու գործընթացը, ինչի հետեւանքով երեխայի մոտ կարող են աղեստամոքսային խնդիրներ ի հայտ գալ: Հենց այդ պատճառով ամբողջ աշխարհի ատամնաբույժները խորհուրդ են տալիս ամեն հնարավորն անել` պահպանելու կաթնատամները մինչեւ դրանց բնական փոխարինման ժամանակը:
 
Այդ պատճառով կարեւոր է ճիշտ հոգ տանել նրանց: Կարեն Գրիգորյանի խոսքով, կաթնատամները նույպիսի խնամքի կարիք ունեն, ինչպիսին մշտականները. երեխաներին խորհուրդ է տրվում օրական երկու անգամ խոզանակով եւ ատամի մածուկով մաքրել ատամները, ինչպես նաեւ տարին երկու անգամ կանխարգելման նպատակով այցելել ատամնաբույժին:
 
Երեխաները պիտի ատամի խոզանակները փոխեն նույնքան հաճախ, որքան մեծերը` տարին երեք անգամ: Իսկ եթե երեխան որեւէ վարակիչ հիվանդություն է տարել, խոզանակը, նույնիսկ եթե նոր է, պետք է փոխել առողջանալուց անմիջապես հետո:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: