Բժշկական ապրանքներն ու ծառայությունները՝ մեկ հարթակում

Բժշկական ապրանքներն ու ծառայությունները՝ մեկ հարթակում

25.02.2017



Առողջապահության ոլորոտում գործունեություն իրականացնող դեղագործական, ստոմատոլոգիական, ախտորոշման եւ բժշկական ծառայություններ մատուցող տեղական ու միջազգային կազմակերպությունները յուրաքանչյուր տարի հնարավորություն են ստանում ներկայացնելու իրենց նորարարությունները մեկ հարթակի ներքո։

Արդեն ավանդույթ դարձած «Առողջապահություն եւ դեղագործություն EXPO–2017»–ը մեկնարկեց երեկ «Երեւան էքսպո» ցուցահանդեսային սրահում։

16—րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի նպատակն է այցելուներին եւ գործարար շրջանակներին ներկայացնել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքը եւ խորհուրդները, գտնել տեղական առողջապահության տարբեր ոլորտներում ներկայիս պրակտիկայով թելադրված խնդիրները լուծելու ուղիներ։

Միջոցառմանը ներկա էին բժշկական կենտրոնների ղեկավարներ, գիտաշխատողներ, ներդրողներ, ձեռնարկատերեր, ինչպես նաեւ բժշկական ապրանքների եւ ծառայությունների շուկայում աշխատող մասնագետներ։
Ցուցահանդեսին ավելի քան 80 ընկերություն ներկայացել էին իրենց տաղավարներով՝ ցուցադրելով իրենց ծառայություններն ու արտադրանքը։ Նրանցում զգալի մաս էին կազմում արտասահմանյան ընկերությունները։
Այսպես, ցուցահանդեսի մասնակիցները եւ այցելուները հնարավորություն են ստանում ծանոթանալու արտասահմանյան ընկերությունների պրոֆեսիոնալ ձեռքբերումներին եւ շարունակականորեն հետեւելու բժշկության զարգացման միջազգային տեմպերին։

Հիմնական թեմատիկ բաժիններն էին՝ կանխարգելման բժշկությունը, կլինիկական բժշկությունը, ստոմատոլոգիան, դեղագործությունը, ախտորոշումը, մայրությունն ու մանկությունը, բժշկական սարքավորումները, հիգիենան եւ այլն։

Այս տարի միջոցառման ընդգրկվածությունը մասնակիցների առումով ավելին է նախորդ տարիների համեմատ, ինչը, ըստ ՀՀ ԱՆ անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանի, ողջունելի է եւ փաստում է այն մասին, որ բիզնեսը տարեցտարի մեծ տեղ է հատկացնում նման հարթակներին, իրենց ծառայությունները ներկայացնելու եւ նոր գործարար կապեր ստեղծելու տեսանկյունից։

«Առողջապահության նախարարությունը իրապես կարեւորում է առողջապահական ցուցահանդեսների, տոնավաճառների կազմակերպումը եւ դիտարկում այն որպես հարթակ առողջապահական ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների համար, որի արդյունքում համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծվում, ցուցադրվում են ժամանակակից բժշկագիտության ձեռքբերումները, տեխնոլոգիաների, նյութերի, բժշկական պարագաների առումով։ Յուրաքանչյուր նման միջոցառում եւս մեկ քայլով առաջ է տանում մեր երկրի առողջապահական համակարգի ներկայացվածությունը»,–նշեց Սամվել Սողոմոնյանը։

Լրագրողների հետ զրույցում խոսելով առողջապահական ոլորտի ձեռքբերումներից՝ Սամվել Սողոմոնյանը մատնանշեց, որ տարածաշրջանային երկրների համեմատ որոշ առողջապահական ճյուղեր տարածաշրջանում առաջատար են։ Դրանք են, մասնավորապես, սրտային վիրաբուժությունը, վնասվածաքաբանությունն ու օրթոպեդիան, ընդհանուր վիրաբուժությունը։ Ստոմատոլոգիան եւս այն ճյուղերից է, որը վերջին տարիներին դինամիկ զարգանում է։ Գնային եւ որակյալ ծառայությունների առումով արտասահմանյան երկրներից զբոսաշրջային հոսքեր են նկատվում, ովքեր զուգակցելով ճանաչողական այցը, գալիս են Հայաստան նաեւ ատամնաբուժական ծառայություններ ստանալու նպատակով։
Սամվել Սողոմանյանի վստահեցմամբ, այսօր հայաստանյան առողջապահական համակարգում կիրառվող տեխնոլոգիաները բավարարում են ազգաբնակչության ընթացիկ պահանջներին եւ առողջապահական համակարգի առջեւ դրված խնդիրների լուծմանը։

«LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանի վստահեցմամբ, այս տարի միջոցառումն աննախադեպ է օտարերկրյա մասնակից ընկերությունների առումով, որոնց թիվը 25 է։ Կազմակերպություներ են ներկայացված ՌԴ—ից, Բելառուսից, Վրաստանից։ «Իրենց ցանկությունն է մուտք գործել հայաստանյան առողջապահական շուկա, ներկայացնել հայ գործընկերներին իրենց արտադրանքն ու ծառայությունները, որոնք կարող են նպաստել նոր գործընկերության հաստատմանը»,–ասաց Սուրեն Նազինյանը։

Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն նաեւ սեմինարներ, կլոր սեղաններ եւ շնորհանդեսներ, որոնք կնպաստեն նոր գործընկերների ձեռքբերմանը, մասնակիցների միջեւ կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը։ Ցուցահանդեսը կտեւի մինչեւ փետրվարի 26—ը։
 

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: