Հայրենական ատամնաբույժների աշխատանքի որակը չի զիջում աշխարհի լավագույն կլինիկաներին

Հայրենական ատամնաբույժների աշխատանքի որակը չի զիջում աշխարհի լավագույն կլինիկաներին

25.07.2017

Բժշկական տուրիզմը կարող է դառնալ գրավիչ
Հայաստանում կստեղծվեն կլաստերային զարգացման նախագծեր

Բժշկական տուրիզմի զարգացման նախադրյալներից են Հայաստանում սրտաբանության ոլորտում զբոսաշրջիկին առաջարկվող միջազգային չափանիշներին համահունչ եւ բավական մատչելի վիրաբուժական ծառայությունները։

Հայաստանում սրտի վիրահատություն իրականացնել ցանկացող օտարերկրացիների քանակը տարեցտարի աճում է։ Մարդկանց գրավում է սպասարկման բարձր մակարդակը, հետվիրահատական բարդությունների ցածր տոկոսը եւ, ինչպես նշեցինք, մատչելիությունը։

«Նորք Մարաշ» սրտաբանական կենտրոնի ղեկավար Լիդա Մուրադյանը համեստորեն, բայց եւ հպարտությամբ է շեշտում, որ կենտրոնում բուժական գործընթացների իրականացումը, ինչպես նաեւ վերջնական արդյունքը ամենեւին չեն զիջում թե՛ եվրոպական, թե՛ համաշխարհային չափանիշներին ու մասնագիտական պահանջներին։

Իրականացվող բուժօգնությունն, ըստ կենտրոնի ղեկավարի, բացառապես ապացուցողական բժշկության սկզբունքների վրա է հիմնված ուստի միջամտությունների արդյունավետությունն էլ լիովին համադրելի է զարգացած երկրներում գոյություն ունեցող ցուցանիշների հետ։ «Այսպիսի մակարդակ կարելի է ունենալ միայն բժշկագիտության եւ սրտաբանության առաջատար տեխնոլոգիաներին եւ գիտա—գործնական մոտեցումներին կատարելապես տիրապետելու արդյունքում։ Հայ բժիշկները սիրում են սովորել եւ կարողանում են սովորել»,–նշեց Լիդա Մուրադյանը։ Նա մատնանշեց, 90—ականները, երբ բացակայում էր համակարգված սրտաբանական հայեցակարգը, իսկ տիրող կոնսերվատիզմը զգալի խոչնդոտ էր Հայաստանում նորարարական միջամտական տեխնոլոգիաների զարգացման ճանապարհին։ «Այսօր, բարեբախտաբար, իրավիճակն այլ է. ունենք սիրտ—անոթային համակարգի հիվանդություններով տառապող մարդկանց զննման, ախտորոշման, բուժման չափորոշիչներ, այլընտրանքային մեթոդներ։ Երկրում բարեհաջող զարգացումների պարագայում հնարավոր կլինի էական դրական տեղաշարժ արձանագրել մեր քննարկման առարկա հիվանդությունների կանխարգելման եւ բուժման գործում։

Այդ է վկայում թեկուզ այն փաստը, որ բնակչության շրջանում վերացել է նախկինում արմատացած սարսափն ու վախը ճակատագրական ինֆարկտի հանդեպ»,–նշեց «Նորք—Մարաշ» սրտաբանական կենտրոնի տնօրենը։
Ըստ «Աստղիկ» ԲԿ սրտաբան Միքայել Ադամյանի, սրտաբանությունը Հայաստանում իր զարգացումն ապրել է դեռեւս 1993թ.—ից։ «Կարող եմ վստահեցնել, որ հայ սրտաբաններն այսօր ի զորու են իրականացնել վիրահատական այնպիսի միջամտություններ, որոնք իրենց արդյունավետությամբ չեն զիջում Եվրոպայում իրականացվող վիրահատություններին»,–ասաց սրտաբանը։

Ներկայումս առավել հաճախ «բժշկական» զբոսաշրջիկներ հանդիպում են ստոմատոլոգիայի բնագավառում։ Հայրենական ատամնաբույժների աշխատանքի որակը չի զիջում աշխարհի լավագույն կլինիկաներին. ժամանակակից սարքեր, բարձրակարգ մասնագետներ, մատչելի գներ։ Երեւանի բոլոր խոշոր ստոմատոլոգիական կլինիկաներն ունեն համապատասխան արտոնագրեր, որտեղ աշխատող մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում, առկա է որակյալ սպասարկման համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկա։

Հայաստանը մատչելի գների առումով կարող է մրցակցել նաեւ պլաստիկ վիրաբուժության բնագավառում, որն աշխարհում դարձել է պահանջարկված առողջապահական ուղղություն։ Հայ պլաստիկ վիրաբույժներն առաձնակի մեծ հաջողությունների են հասել ռինոպլաստիկայի՝ քթի պլաստիկայի բնագավառում։ Հնարավոր է, այս ձեռքբերումները մասամբ պայմանավորված են հայկական քթի ազգային առանձնահատկությամբ։ Բացի ռինոպլաստիկայից, բարձր որակավորում ունեցող մասնագետներն առաջարկում են կրծքերի մեծացման, կոպերի վիրաբուժության, դեմքի մաշկի ձգման, լիպոսակցիայի, լիպոֆիլինգի, պլազմոլիֆտինգի եւ այլ ծառայություններ։ Առաջարկվում են նաեւ նվազ ինվազիվ վիրահատություններ, որոնք հուսալի են եւ առանձնահատուկ շուտ ապաքինման առումով։ Ընդամենը մի քանի օր անց հիվանդը կարող է վերադառնալ հայրենի երկիր։ Այն շատ հարմար է հատկապես այն զբոսաշրջիկների համար, ովքեր Հայաստան են գալիս հենց պլաստիկ վիրահատության նպատակով։

Հայ մասնագետները հաջողությունների են հասել նաեւ օրթոպեդիայի բնագավառում, ակնաբուժական ծառայություններից հատկապես ռեֆրակցիոն վիրաբուժության բնագավառում (ֆոտոռետրակցիոն կերատէկտոմիա, աչքի լազերային շտկում)։

Հաշվի առնելով Հայաստանում առողջապահական տուրիզմի զարգացման համար առկա լուրջ նախադրյալները, փորձ է արվում պետական–մասնավոր հատված համագործակցության արդյունքում ոլորտը դարձնել գրավիչ։

«Մենք նախատեսում ենք կլաստերային զարգացման նախագծեր ստեղծել, որոնք թույլ կտան պլանավորել հաճախորդների հոսքը եւ զարգացնել առողջապահական տուրիզմը։ Նպատակ ունենք զարգացնելու այն հիմնական ուղղությունները, որոնք արդիական են հայաստանյան բնակչության համար։ Այդպիսիք են ուռուցքաբանությունը, սրտաբանությունը, ակնաբուժությունը, ստոմատոլոգիան եւ էնդոկրինոլոգիան։ Որպես հետաքրքիր ու եկամտաբեր ուղղություն, առանձնացրել ենք պալիատիվ բուժումը եւ մեծահասակների խնամքի կենտրոնները։

Այս նախագծերը նախատեսում ենք իրականացնել առաջիկա 3—5 տարվա ընթացքում՝ ստեղծելով ե՛ւ նյութական, ե՛ւ վերապատրաստված մասնագետների բազա»,–այս մասին հարցազրույցներից մեկում նշել էր ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։

Ի դեպ, ընթացք է տրվել նաեւ երկրում երկարակեցության աշխարհահռչակ կլինիկաների մասնաճյուղերի ստեղծման գաղափարին։ Կա կարծիք, որ մեր երկրի արեւը, ջուրը, օդը, սնունդը բարենպաստ պայմաններ են երկարակեցության ապահովման համար, ինչը եւս լուրջ նախադրյալ է Հայաստանը նաեւ առողջապահության կենտրոն դիտարկելու համար։

Նախարար Լեւոն Ալթունյանը նշել է, որ քայլեր են ձեռնարկում, որպեսզի համաշխարհային ճանաչված մի քանի հայտնի ապրանքանիշեր գործեն նաեւ Հայաստանում։ Երկարակեցության աշխարհահռչակ կլինիկաների պացիենտները, ըստ նրա, ապահովված մարդկանց բանակ է, ովքեր բավական գումարներ են ծախսում մի քանի տարով իրենց կյանքը երկարացնելու համար։ «Քանի որ աշխարհում կա նման ծառայության պահանջարկ, ապա ինչո՞ւ նման կլինիկա չստեղծել նաեւ մեր երկրում՝ մանավանդ բարենպաստ նախադրյալների առկայության պարագայում։ Մեր այսօրվա ջանքերն ուղղված են ոչ միայն երկարակեցության նպաստմանը, երբ միջին կյանքի տեւողությունը 72—74 տարի է, այլեւ կյանքի առողջ տարիների որակի երկարաձգմանը»,–վստահեցրել է Լեւոն Ալթունյանը։

Պետական–մասնավոր համագործակցությամբ զարկ է տրվում նաեւ սփյուռքահայ բժիշկների հետ մասնագիտական ցանցերի կատարելագործմանը, տարածմանն ու ընդլայնմանը։ Շուրջ 25 տարի հայ բժիշկներն իրենց գիտելիքներն ու փորձն են ներդրել առողջապահական համակարգի կատարելագործման գործընթացն ապահովելու համար։

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանը կարող է դառնալ առողջապահական տուրիզմի բժշկական ապրանքներ, սարքավորումներ եւ դեղամիջոցներ արտահանող երկիր, եթե աշխարհի բոլոր երկրներում ապրող հայ բժիշկները միավորվեն։ Այս առումով կարեւորվում է մասնագիտական կառույցների գործունեությունը եւ նրանց մասնակցությունը առողջապահական համակարգի զարգացման գործընթացներին։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի գնահատմամբ, առողջապահական տուրիզմը եւ դրանից բխող տուրիստական արդյունքը հիմնականում ստեղծվում է մասնավոր հատվածի շնորհիվ։ Կառավարությունն այս պարագայում կարող է ոլորտը միայն որակել որպես գերակա ուղղություն եւ նպաստել ոլորտի ճիշտ ներկայացմանը։

«Բժշկական տուրիզմը երկու մասի է բաժանվում՝ առողջարանային, հաշվի առնելով Ջերմուկը, աղի հանքը, եւ բժշկական զբոսաշրջությունը, որի պարագայում պետք է ուսումնասիրվեն մեր երկրի առավելությունները զբոսաշրջիկ ներգրավելու համար։ Այսօր խոսում ենք ատամնաբուժության, սրտի վիրահատությունների մասին, սակայն ցանկացած ոլորտ լուրջ ռազմավարական ուսումնասիրության կարիք ունի եւ որից հետո միայն հնարավոր կլինի հասկանալ՝ որքա՞ն է մեր երկրում բժշկական տուրիզմի պոտենցիալը։ Ենթակառուցվածքների առումով դեռ անհրաժեշտ աշխատանքներ են պետք»,– նշեց Զարմինե Զեյթունցյանը։

Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի հիմնադիր նախագահ, բժիշկ ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանի վստահեցմամբ, բժշկական տուրիզմը կարող է զարգանալ աշխարհի բոլոր երկներում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում, քանի որ մասնագիտական ներուժի առումով հայ բժիշկները իրենց կարողություններով ի զորու են իրականացնելու եվրոպական չափանիշներին համահունչ վիրաբուժական ամենատարբեր միջամտությունները։ Սակայն, ըստ նրա, խնդիրը համապատասխան սարքավորումների պակասն է Երեւանի որոշ կլինիկաներում։

«Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում զարգանում է բժշկությունը, սակայն այդ ամենը պետք է քաղաքակիրթ ներկայացնել պացիենտին։ Մենք Հայաստանում ունենք բացառիկ առողջապահական կենտրոններ, ուռուցքաբանական գերազանցության կենտրոն, արյունաբանական կենտրոն, որոնք միակն են տարածաշրջանում։ Այդ թվում՝ հատկանշական է բրախիթերապիայի առկայությունը։

Այն շագանակագեղձի քաղցկեղի բուժման նորագույն, առավել արդյունավետ եւ մինիմալ ինվազիվ մեթոդ է, որը ռադիոկատիվ ճառագայթի միջոցով ներթափանցելով ուռուցքի օջախ՝ նպաստում է դրա վերացմանը։ Տարածաշրջանում առաջին անգամ «Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն»—ում ներդրվել է շագանակագեղձի քաղցկեղի բուժման նորագույն այս մեթոդը։ Մենք իսկապես ունենք լուրջ նախադրյալներ օտարերկրյա զբոսաշրջիկին պրոֆեսիոնալ բուժօգնություն առաջարկելու հարցում, սակայն ունենք խնդիր ներկայացնելու այդ ներուժը։

Ուստի պետք է ճիշտ ու գրագետ կազմակերպել մարքետինգը, ինչն ինքնին պահանջում է ներդրում, ինչի համար ժամանակ է պետք»,–մեզ հետ զրույցում նշեց Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի հիմնադիր նախագահ, բժիշկ— ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը։

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: