«Փարոս» հիմնադրամը կընդլայնի դպրոցականներին ատամնաբուժական անվճար ծառայությունների ծրագիրը

«Փարոս» հիմնադրամը կընդլայնի դպրոցականներին ատամնաբուժական անվճար ծառայությունների ծրագիրը

31.10.2018

ԱՄՆ-ի հայ համայնքի ջանքերով գործող «Փարոս» հիմնադրամը Հայաստանում նախատեսում է նոր թափ հաղորդել իրենց բարեգործական նախագծերի իրականացմանը: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ընթացքում «Փարոսի» գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանը, ծրագրի ղեկավար Սևան Ամիրյանցը և ներկայացուցիչ Գեղամ Մինասյանը նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել ծրագրերի հետագա ընթացքի շուրջ:

Հիմնադրամի ղեկավար կազմը խնդրել է նախարարին աջակցել, որպեսզի իրենց հետագա ծրագրերն առավել ուղղորդված և թիրախային լինեն: Նախատեսվում է ավելացնել Հայաստանի դպրոցները սպասարկող ատամնաբուժական շարժական կլինիկաների թիվը: Խոսքը ստոմատոլոգիական սարքերով վերազինված ավտոբուսների մասին է, որոնք որոշակի հաջորդականությամբ 1-2 ամսով տեղակայվում են դպրոցների մոտ ու աշակերտներին մատուցում անվճար ատամնաբուժական ծառայություններ`թույլ չտալով արդեն առկա խնդիրների խորացումը և ֆինանսական պատճառով ատամնաբույժի այցերը հետաձգելը:

Նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ հատկապես մանկական ատամնաբուժական ծառայությունների մասով լուրջ անելիքներ կան, ու այսօրինակ նախաձեռնությունը կարող է շոշափելի արդյունքներ  ապահովել: Հիմնադրամի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել առավել համակարգված կազմակերպել այս աշխատանքները` առաջնահերթորեն ուշադրություն դարձնելով մարզային կարիքներին:

«Փարոսը» ատամնաբուժական անվճար ծառայություններ է մատուցում նաև Շենգավիթում` հաշմանդամ երեխաների կրթական կենտրոնում, և ռազմական ինստիտուտում:

Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հիմնադրամը նախատեսել է Հայաստանում 100 տարբեր ծրագիր իրականացնել: Հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր ներկայացրել են նաև այս ընթացքում արդեն իրագործված որոշ նախագծեր, մասնավորապես, Գյումրիում և Տավուշի որոշ սահմանամերձ բնակավայրերում 7 բուժկետի, ուսումնական հաստատությունների և սպորտդահլիճների վերանորոգում, վերազինում և այլն: «Նախարարությունն ամեն կերպ աջակցում է այս նախաձեռնությանը»,-ասել է Արսեն Թորոսյանը` ընդգծելով, որ բուժկետերը լուրջ ուշադրության առարկա են, ու դրանց աշխատակիցների աշխատավարձերն առաջիկայում կրկին բարձրանալու են:

Հիմնադրամը նաև պատրաստ է պարբերաբար վիտամիններ և այլ դեղորայք ուղարկել Հայաստան։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: