Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ատամների սպիտակեցման մասին

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ատամների սպիտակեցման մասին

03.06.2013

Սպիտակափայլ ժպիտ ունենալու մասին երազում է մարդկանց մեծամասնությունը: Դա պայմանավորված է հիմնականում գովազդի ազդեցությամբ, ըստ որի սպիտակ ատամները հանդիսանում են հաջողության գրավականը՝ ինչպես հանրային, այնպես էլ անձնական կյանքում: Բայց գովազդը չի պատմում թե ինչպես կարելի է  դրան հասնել: Այս գործում կարող են օգնել միայն փորձառու ատամնաբույժները:

 

Անհրաժեշտ է հիշել, որ ատամների սպիտակեցումն, ըստ երևույթին, բավական պատասխանատու գործողություն է և կարող է իրականացվել միայն բարձրակարգ մասնագետների կողմից՝ հնարավոր տհաճություններից և բարդություններից խուսափելու համար: Ըստ ատամնաբույժների՝ սպիտակ ատամները ոչ միշտ են վկայում դրանց գերազանց առողջության մասին: Մարդ կարող է ունենալ նույնիսկ դեղին ատամներ, որոնց առողջական վիճակին կարելի է նախանձել: Ըստ երևույթին ատամների գույնն անմիջականորեն կախված է օգտագործվող սննդից, մասնավորապես՝ սննդային գունանյութերից, սուրճից և ծխախոտից:

 

Ի՞նչ հաճախությամբ է անհրաժեշտ իրականացնել ատամների սպիտակեցումը

 

Ատամնաբույժները խորհուրդ են տալիս կես տարին մեկ իրականացնել բերանի խոռոչի պրոֆեսիոնալ մաքրում:Այն իրենից ներկայացնում է ատամների մակերեսներին կուտակված սննդի մնացորդների մանրակրկիտ հեռացում: Դրանք կարող են լինել փափուկ՝ զանազան նստվածքների ձևով և կոշտ՝ատամնաքարերի տեսքով: Այդուհանդերձ, այս ամենը մակերեսային գործողություններ են,որոնք չեն ազդում ատամների գույնի վրա: Սպիտակեցումն իրականացվում է ատամի էմալի վրա քիմիական ազդեցությամբ, ուստի ամեն հաճախորդ ինքն է անհատապես որոշում ինչ հաճախությամբ իրականցվի սպիտակեցումը:

 

Սպիտակեցման տեսակները

 

Ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցումը կարող է իրականացվել տնային պայմաններում կամ բժշկի կաբինետում: Վերջինս ենթադրում է իր հերթին երկու տարբեր գործողություններ: Առաջին դեպքում սպիտակեցումն իրականացվում է երկու քիմիական նյութերի փոխազդեցության արդյունքում, իսկ երկրորդ դեպքում ատամները սպիտակում են հատուկ լամպի կամ լազերի ազդեցության տակ: Վերջին դեպքում արդյունքն ավելի տեսանելի է, և գներն էլ հետևաբար ավելի թանկ: Սպիտակեցման բոլոր փուլերն անցնելուց հետո, իսկ դրանք սովորաբար մեկից երեքն են, մի քանի պրոցեդուրա իրականացվում է տանը՝ արդյունքն ամրապնդելու համար: Հաճախորդի համար պատրաստում են սպիտակեցնող նյութով հատուկ հարմարանք, որը նա հագնում է գիշերը քնելիս: Այս գործողությունը անհրաժեշտ է լինում կրկնել 5-10 օր:

 

Սպիտակեցնող տարբեր միջոցներ, որոնք վաճառվում են դեղատներում

 

Խորհուրդ չի տրվում նշված միջոցներն օգտագործել երկար ժամանակի ընթացքում: Դրանք նկատելիորեն  բարձրացնում են ատամների զգայունությունը տաք ու սառի նկատմամբ: Սպիտակեցնող մածուկը խորհուրդ չի տրվում օգտագործել շաբաթական երկու անգամից ավել: Շատերն այդ մասին չգիտեն և հետո գալիս են ատամնաբույժի մոտ ատամների գերզգայունության խնդրով: Հիշեք, որ պատշաճ սպիտակեցում կարող է իրականացնել միայն որակավորված մասնագետը:

 

Սպիտակեցման հակացուցումները

 

Ատամների գերզգայունություն

Հղիություն

Կրծքով կերակրում

Առաջային ատամների վրա պլոմբի և շապիկի առկայություն:

benice.am

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: