Հայաստանն առաջին անգամ կմիանա Լնդերի առողջության օրվան

Հայաստանն առաջին անգամ կմիանա Լնդերի առողջության օրվան

16.04.2019

Ընթացիկ տարում Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Լնդերի առողջության օրը (Gum Health Day): Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց ստոմատոլոգ, Հայաստանի պերիօդոնտոլոգների ասոցիացիայի նախագահ Վարդան Բակալյանը:

Gum Health Day-ն անցկացվում է Պերիօդոնտոլոգների եվրոպական ֆեդերացիայի (EFP) նախաձեռնությամբ: Միջոցառման նպատակն է լնդերի առողջության մասին տեղեկացվածության եւ այնպիսի տարածված հիվանդությունների դեմ պայքարի մակարդակի բարձրացումը, ինչպիսին են գինգիվիտը եւ պարոդոնիտը: Gum Health Day-ն ամեն տարի միավորում է աշխարհի տասնյակ երկրների, եւ 2019-ին Հայաստանը նույնպես կմտնի դրանց թվի մեջ:

EFP-ն նշում է, որ լնդերի առողջությունը կարեւոր ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն, որ լնդերի հիվանդությունները կապված են ծանր քրոնիկական հիվանդությունների հետ՝ ներառյալ դիաբետը, սիրտ-անոթային եւ ուղեղավասկուլյար հիվանդությունները: Փորձագետներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ լնդերի առողջությունը կարեւոր դեր ունի նաեւ էսթետիկական տեսակետից: Շեշտվում է, որ լնդերի խնդիրները նվազեցնում են մարդու ինքնագնահատականը:

Ամեն տարի Gum Health Day-ը նշվում է մայիսի 12-ին, սակայն Երեւանում, ինչպես նշեց Բակալյանը, միջոցառումները, որոնք ուղղված են լնդերի առողջության խնդրի հանդեպ հանրության ուշադրության գրավմանը, կմեկնարկեն մայիսի 9-ին: Այսպես՝ մինչեւ մայիսի 18-ը շուրջ 15-20 մայրաքաղաքային կլինիկաներում կանցկացվի անվճար խորհրդատվությունների շաբաթ: Դրանից բացի, նախատեսվում է Երեւանի կենտրոնական փողոցներում անցկացնել տեղեկացվածության բարձրացման ակցիաներ:

Հայաստանում Gum Health Day-ը կանցկացվի Հայաստանի պերիօդոնտոլոգների ասոցիացիայի ակտիվիստների նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: