Ինչո՞ւ է ծխելը բացասաբար ազդում լնդերի վրա

Ինչո՞ւ է ծխելը բացասաբար ազդում լնդերի վրա

18.04.2019

Ծխելը չափազանց բացասաբար է ազդում լնդերի վրա: Ստոմատոլոգ, Հայաստանի Պերիօդոնտոլոգների ասոցիացիայի նախագահ Վարդան Բակալյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ լնդերի բորբոքումը զգալիորեն ավելի հաճախ է հանդիպում ծխողների, քան չծխողների շրջանում: Ընդ որում՝ ծխախոտի երկրպագուների մոտ բորբոքումն առնչվում է նաեւ խորը հյուսվածքներին, այսինքն ոսկորին, ինչը ատամները տեղախախտում է:

«Շատերը սխալ պատկերացում ունեն այն մասին, որ ատամների շարժվելը կապված է ծխելուց հրաժարվելու հետ: Սա տեղի է ունենում այն սխալ ընկալումից, թե ծխախոտն ինչպես է ազդում օրգանիզմի վրա: Բանն այն է, որ նիկոտինն օժտված է անոթները նեղացնող էֆեկտով, ինչի հետեւանքով ծխողների մոտ լնդերի բորբոքումը եւ այտուց այդքան էլ նկատելի չեն: Այսպիսով, ծխելը թաքցնում է բորբոքային պրոցեսը»,- նշեց Բակալյանը:

Ծխելուց հրաժարվելուց հետո անոթները նեղացնող էֆեկտը վերանում է, իսկ բորբոքումը՝ մնում: Արդյունքում լնդերը սկսում են այտուցվել եւ արնահոսել, ինչի պատճառով մարդը սկսում է ատամները վատ մաքրել: «Արդյունքում ատամների վրա փառ է առաջանում, լնդերի այտուցը մեծանում է, եւ որոշ ժամանակ անց ատամները սկսում են շարժվել: Պացիենտի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իր մոտ լնդերի բորբոքումը սկսվել է ծխելուց հրաժարվելու հետեւանքով, իսկ իրականում նրա մոտ սրվել է ընթացող բորբոքային պրոցեսը»,- տեղեկացրեց ստոմատոլոգը:

Փորձագետի խոսքով՝ լնդերի բորբոքման սրացումից խուսափելու համար անհրաժեշտ է ծխելը թողնելուց առաջ մասնագետի դիմել եւ ստանալ պարօդոնտալ թերապիայի կուրս: Այն, մասնավորապես, ներառում է ատամի նստվածքների հեռացում: Դրանից բացի պարօդոնտոլոգը պացիենտին կսովորեցնի ատամները ճիշտ մաքրել, ինչը կօգնի նվազագույնի հասցնել ատամի փառի առաջացման հավանականությունը:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: