Ատամնաբույժին ամենից հաճախ տրվող 5 հարց

Ատամնաբույժին ամենից հաճախ տրվող 5 հարց

16.05.2019

Ավստրալիայում ամենահայտնի ատամնաբույժներից Քրեյգ Ուիլսոնը պատասխանել է պացիենտների կողմից ամենից հաճախ տրվող հարցերին։

1․ Արդյո՞ք օգտակար է յուղով բերանը ողողելը

Յուղով բերանը ողողելը բավական երկարատեւ պրոցեդուրա է, որը զբաղեցնում է 15-17 րոպե, եւ բոլորը չէ, ըստ դոկտոր Ուիլսոնի, որ այդքան համբերություն ունեն։ Իսկ օգուտ դրանից կա. յուղով բերանը ողողելը կարող է հակաբակտերիալ եւ հակաբորբոքային ազդեցություն ունենալ։ Բայց մյուս կողմից՝ այդ գործողությունը բոլորին չէ, որ անհրաժեշտ է. դա կարելի է անել, միայն եթե ազատ ժամանակ ունես։

2․ Ինչպե՞ս համոզել ընկերոջը՝ գնալ ատամնաբույժի մոտ

Անհրաժեշտ է դրդիչ գործոն գտնել։ Ատամնաբույժի հետ համառորեն հանդիպել չցանկանալը վտանգավոր է շատ պատճառներով։ Մասնագետը խորհուրդ է տալիս փորձել տեղեկացնել սիրելի մարդուն այն մասին, որ զուտ ֆինանսական տեսակետից անհամեմատ ավելի էժան է տարին մեկ անգամ այցելել ատամնաբույժին կանխարգելիչ զննումների համար, քան հետո շատ անգամներ մի քանի ամսվա ընթացքում գալ նրա աշխատասենյակ երկարատեւ ու շատ թանկ բուժման համար։

3․ Ի՞նչ ատամի մածուկ օգտագործել, եւ իսկապե՞ս մեզ այդքան անհրաժեշտ է ֆտորը

Այսօր վաճառասեղաններին մենք տեսնում ենք ատամի մածուկի տասնյակ տեսակներ, այնպես որ՝ ընտրություն կատարելը բավական դժվար է։

«Ես խորհուրդ կտայի սկզբում այցելել ատամնաբույժի եւ պարզել, թե ինչ վտանգներ են ավելի շատ սպառնում հենց ձեր բերանի խոռոչին, եւ դրանից ելնելով արդեն ընտրություն կատարել այս կամ այն ատամի մածուկի օգտին։ Բացի այդ, կարելի է ատամի մածուկ ընտրել էմպիրիկ ճանապարհով։ Եթե ձեզ թվում է, թե ինչ-որ մածուկ բավականաչափ արդյունավետ չի պաշտպանում ձեր ատամները, փորձեք այլ մածուկներ։ Օրինակ, եթե ձեզ սպառնում է կարիեսի բարձր ռիսկը, փորձեք ֆտորի բարձր պարունակությամբ ատամի մածուկ, որը վերականգնում է ատամների ամրությունը»,- ասել է դոկտոր Ուիլսոնը։

4․ Որքանո՞վ է սպիտակեցումը վտանգավոր ատամների համար

Դա շատ մոդայիկ եւ պահանջված գործողություն է վերջին տարիներին, քանի որ կատարյալ ճերմակ ատամները համարվում են գրավչության նշան։

«Ամենից հաճախ սպիտակեցում կատարում են ջրածնի գերօքսիդի օգնությամբ, որը որոշ սպառնալիք է ներկայացնում ատամների համար։ Ես խորհուրդ կտայի չափազանց զգույշ վերաբերվել սպիտակեցման տարատեսակ տնային միջոցներին, որոնք վաճառվում են ինտերնետով։ Ավելի լավ է դրա համար դիմել փորձառու մասնագետի, դա ձեզ կօգնի խուսափել ատամի էմալի վրա բացասական ազդեցությունից։ Մի գայթակղվեք գովազդային խոստումներով, դա ձեզ վրա հետո շատ ավելի մեծ ծախսեր կնստի»,- ասել է մասնագետը։

5․ Ի՞նչ հաճախականությամբ պետք է փոխել ատամի խոզանակը

Ըստ ատամնաբույժի՝ գոյություն չունեն խոզանակը փոխելու ժամկետներ, պետք է պարզապես ուշադիր հետեւել դրա արտաքին տեսքին։ Եթե այն մի լավ մաշվել է, ապա ժամանակն է գնել նորը։ Ատամի խոզանակը պետք է համապատասխանի որոշակի չափանիշների, որոնք վերաբերում են դրա կոշտությանն ու արդյունավետությանը։ Բացի այդ, հարկավոր է չմոռանալ մաքրել նաեւ խոզանակը ատամները լվանալուց հետո։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: