Ձեր ֆեյսբուքյան էջը կարող է շատ ավելին ասել ձեր մասին, քան մտածում եք

Ձեր ֆեյսբուքյան էջը կարող է շատ ավելին ասել ձեր մասին, քան մտածում եք

27.06.2019

Penn Medicine եւ Stony Brook համալսարանի հետազոտողների կողմից իրականացրած նոր աշխատության համաձայն՝ անհատի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրության միջոցով հնարավոր է բացահայտել նրա մոտ առկա մինչեւ 21 տեսակի հիվանդություն, օրինակ, շաքարախտը կամ դեպրեսիան։

Հետազոտողները ուսումնասիրել են 1000 պացիենտի ֆեյսբուքյան գրառումների պատմություններ, որոնք համաձայնել են իրենց աքաունթը կցել էլեկտրոնային բժշկական քարտին։

Հետազոտողները, ուսումնասիրելով այդ մարդկանց գրառումների բովանդակությունը, նրանց տարիքը եւ սեռը, եկել են եզրակացության, որ 21 տեսակի հիվանդություն հնարավոր է կանխատեսել միայն սոցիալական ցանցի միջոցով։ Ավելին՝ նրանք կարծում են, որ դրանցից 10-ն ավելի լավ է բացահայտել ֆեյսբուքի միջոցով, քան ժողովրդագրական տեղեկատվության։

Ըստ հետազոտության՝ այն օգտատերերի մոտ, որոնք օգտագործել են «խմել» եւ «շիշ» բառերը, ալկոհոլի չարաշահման ռիսկը մեծացել է։ Նրանց մոտ, ովքեր հաճախ օգտագործել են «Աստված» եւ «աղոթել» բառերը, 15 անգամ ավելի մեծ է շաքարախտով հիվանդ լինելու հավանականությունը։ Թշնամանք պարունակող եզրույթների օգտագործումը, ինչպես նաեւ հայհոյելը մատնանշում է, որ օգտատերը, ամենայն հավանականությամբ, թմրամիջոցներից կախվածություն կամ փսիխոզ ունի։

«Մեր թվային լեզուն ընդգրկում է մեր կյանքի հզոր կողմերը, որոնք, հավանաբար, տարբեր են այն տեղեկությունից, որը կա ավանդական բժշկական տվյալներում»,-նշել է հետազոտության ավագ հեղինակ Էնդրյու Շվարցը։

«Շատ հետազոտություններ կան, որոնք բացահայտել են լեզվական մոդելի եւ հատուկ հիվանդությունների կապը, ինչպիսիք են դեպրեսիան, քաղցկեղը եւ այլն։ Մենք կարող ենք նորովի դիտարկել արհեստական բանականության հնարավորությունները բժշկության համար», - հավելել է նա։

Գիտնականներն այժմ ծրագրում են պարզել, թե արդյո՞ք հնարավոր է այդ տվյալները կառավարել՝ պացիենտներին խնդրելով իրենց սոցիալական ցանցերի տվյալները տրամադրել իրենց բժիշկներին։

«Սոցիալական ցանցերի գրառումները հիմնականում մարդկանց ապրելակերպի, որոշումների, փորձառության եւ զգացողությունների մասին են, ինչը կարող է լրացուցիչ տեղեկություն տրամադրել հիվանդության կառավարման կամ խորացման վերաբերյալ»,- ասել է հետազոտության հեղինակներից Ռեյնա Մերչանը։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: