Մինչեւ 18 տարեկանները կբուժվեն անվճար

Մինչեւ 18 տարեկանները կբուժվեն անվճար

29.08.2019

Հայաստանում այսուհետեւ մինչեւ 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կիրականացվեն պետպատվերի շրջանակներում։ Նախկինում եթե հիվանդնոցային բուժումը հասանելի էր մինչեւ 7 տարեկան երեխաներին, ապա ՀՀ կառավարության ընդունած որոշման համաձայն՝ արդեն այն հասանելի կլինի մինչեւ 18 տարեկաններին։ Ընդ որում, անվճար բուժսպասարկումը ենթադրում է նաեւ բուժօգնության ցուցաբերում, ընդհուպ վիրաբուժական միջամտություն։ Անվճար բուժսպասարկում իրականացվելու է այն բոլոր բժշկական կենտրոններում, որոնք ունեն մանկական բուժում իրականացնելու լիցենզիաներ եւ պայմանագրեր առողջապահության նախարարության հետ։


Հատկապես ո՞ր վիրահատություններն են ներառված անվճար բուժօգնության ցանկում, ի՞նչ ընթացակարգեր է ենթադրում անվճար բուժսպասարկումը եւ ինչքանո՞վ է առողջապահական համակարգը պատրաստ անխոչընդոտ անցում կատարելու որոշակի տարիքային շեմի համար նախատեսված բուժսպասարկման, պարզաբանում խնդրեցինք գերատեսչությունից։

ՀՀ ԱՆ մոր եւ մանկան վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանի տեղեկացմամբ, հիվանդանոցային բուժումը վերաբերում է այն դեպքերին, երբ երեխան հոսպիտալացվում է եւ գտնվում է շուրջօրյա վերահսկողության ներքո։ Անվճար են դարձել գրեթե բոլոր վիրաբուժական միջամտությունները, ընդ որում նաեւ նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով իրականացվող վիրահատությունները։

Մասնավորապես, այդ ծառայությունների թվում են գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժումը, սրտի եւ աորտայի ներանոթային եւ բաց վիրահատությունները, արթոսկոպիկ վիրահատությունները, վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների (հարթակների, պտուտակների եւ շյուղերի) արժեքները, երիկամային քարերի փշրումը (լիթոտրիպսիան), նյարդավիրաբուժական վիրահատության ժամանակ շունտավորող համակարգի կիրառումը։ Սրանք այն ծառայություններն են, որոնք նախկինում անխտիր բոլորի համար իրականացվում էին միայն վճարովի հիմունքներով։

«Վիրահատությունը նախկինում էլ կատարվում էր անվճար, սակայն շունտերի տեղադրումը թանկարժեք գործընթաց էր եւ ծախսերը փոխհատուցում էին ծնողները։ Այժմ անվճար են այն բոլոր վիրահատությունները, որոնք առավել հաճախ են հանդիպում երեխաների պրակտիկայում։ Հիվանդանոցային շատ քիչ ծառայություններ են մնացել, որոնք դեռեւս վճարովի են, օրինակ՝ էպիլեպսիայի ժամանակ նեյրովիրաբուժական միջամտությունը կամ կոխլյար (խխունջային) ինպլանտացիայի (ներքին ականջի մեջ էլեկտրոնային սարքի տեղադրումը»,–տեղեկացրեց Նունե Փաշայանը։

Ինչ վերաբերում է պլաստիկ վիրահատություններին, ապա Նունե Փաշայանի պարզաբանմամբ, եթե պլաստիկան ուղեկցվում է ֆունկցիոնալության խանգարմամբ, ապա դրանք դարձյալ անվճար են։ Նմանատիպ արատներով երեխաները, օրինակ՝ գայլի երախով, նապաստակի շրթունքով ծնվածները ոչ միայն կոսմետիկ վիրաբուժության խնդիր ունեն, այլեւ ֆունկցիոնալ վերականգնման, կամ կան սպիներ, որոնք խանգարում են վերջույթների ֆունկցիոնալությանը, չեն կարող դիտարկվել միայն պլաստիկ վիրաբուժություն եւ ենթակա են անվճար բուժսպասարկման։


Բացի այդ, նախանշված շեմի համար անվճար դարձան նաեւ ակնաբուժական ծառայությունները եւ երեխաների դժվարամատչելի հետազոտությունները, նրանց շրջանում առավել պահանջարկված մագնիսառեզոնանսային շերտագրումը, համակարգչային շերտագրումը, հորմոնային հետազոտությունները։ Այս ծառայությունները նախկինում անվճար էին միայն 7 տարեկան երեխաների եւ 7—18 տարեկան սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված երեխաների համար։ Այժմ, անկախ սոցիալական կարգավիճակից, դժվարամատչելի հետազոտությունները եւս ընդգրկվել են անվճար բուժսպասարկման ցանկում։

Նշենք, որ փոփոխությունները չեն վերաբերում ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններին եւ հիվանդանոցներում ախտորոշման ճշտման նպատակով իրականացվող լաբորատոր—գործիքային հետազոտություններին եւ խորհրդատվություններին։ Դրանք շարունակում են գործել մինչեւ 7 տարեկան, ինչպես նաեւ 7—18 տարեկան սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված երեխաների համար։

«Պետությունը դարձրել է անվճար այն բոլոր ծախսատար վիրաբուժական միջամտությունները, որոնք ծնողի համար էականորեն մեծ գումար են ենթադրում։ Կան վիրահատություններ, որոնք գերազանցում են 500 հազար դրամը։ Վճարովի են մնացել այն ծառայությունները, որոնք էականորեն մեծ գումար չեն պահանջում, օրինակ՝ ստոմատոլոգիան։ Սոցիալապես ապահով ընտանիքները կարող են թույլ տալ ատամնաբուժական ծառայությունների դիմաց այդ փոքր գումարը վճարել։ Ի դեպ, փոխպատվաստումը եւս ներառված է նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների ցանկում, սակայն իրականացվում է համավճարով»,–նշեց Ն. Փաշայանը։


ՀՀ ԱՆ մոր եւ մանկան վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանի տեղեկացմամբ՝ մինչեւ 18 տարեկան երեխաների անվճար բուժսպասարկումն իրականացվում է այն բոլոր հիվանդանոցներում, որոնք ունեն պետպատվերի պայմանագիր, այդ թվում Երեւանի մանկական 3 խոշոր նեղ մասնագիտացված առաջատար կլինիկաներում։

Ծրագրին հատկացված գումարը 1,75 մլրդ դրամ է, որն ուղղվելու է բոլոր շահառուների անվճար բուժսպասարկմանը։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: