Վճարման անօրինական պահանջ հիվանդանոցում

Վճարման անօրինական պահանջ հիվանդանոցում

26.09.2019

Հիվանդանոց մուտք գործելուց առաջ անհրաժեշտ է տեղեկացված լինել՝ տվյալ ծառայությունը որ դեպքում է անվճար, որ դեպքում՝ վճարովի, ու նաեւ ում է պետք վճարել եւ որտեղ։

Ահա թե ինչու՝ կիրակի, այսինքն՝ ոչ աշխատանքային օրը շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 2 տարեկան երեխայի արյան ընդհանուր ախտորոշման համար ծնողին ուղեկցող անիրազեկ քաղաքացուց գումար է պահանջել եւ ստացել լաբորատորիայի ներկայացուցիչը։ Վճարումն իրականացվել է լաբորատորիայի պատերի ներսում՝ դրամարկղից դուրս։ Իսկ ծնողի՝ ՀԴՄ կտրոնի պահանջին ի պատասխան՝ ասել է, որ կտա։ Մինչդեռ ՀԴՄ սարքը դրամարկղում է եւ, հետեւաբար, կտրոնը հենց այնտեղ պետք է տրվի։ Բայց աշխատակցուհին իր խոսքի տերն է եղել, միայն թե ՀԴՄ կտրոն տալու փոխարեն, արդեն վերցրած գումարը «տեղավորել» է անդորրագրի վրա եւ ուղղորդել դրամարկղ՝ վճարելու։ Ի վերջո, վճարումը կատարվել է դրամարկղում՝ համապատասխան կտրոնի տրամադրմամբ։ Իսկ ի պատասխան ծնողի հարցմանը, թե վճարումն օրինական հիմք ունի՞, որովհետեւ երեխան 2 տարեկան է, եւ ուղեգրի բացակայությունը պայմանավորված է ոչ աշխատանքային օրով, դրամարկղի աշխատակցուհին հավատացրել է՝ վճարումն օրինական է։ Ավելին՝ երկար—բարակ բացատրել է օրինականության հիմքերը՝ հղում անելով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «որոշմանը»։ Եվ դա այն բանից հետո, երբ տեղեկացվել է ծնողի կողմից, որ վճարման հիմքերը դեռ ճշտելու է։

Այստեղ, անխոս, գործ ունենք հիվանդանոցի տվյալ ներկայացուցիչների համարձակության հետ։ Այս ժամանակներում, երբ ամենատարբեր մակարդակներով ամենուր խոսվում ու բարձրաձայնվում է անօրինականությունների անընդունելի լինելու, դրանց դեմ պայքարի ու խիստ պատիժների մասին, փաստորեն, պետական հատվածում որոշ աշխատողներ բավական չէ օրենք, կարգ ու որոշում են շրջանցում, դեռ մի բան էլ անօրինական գործունեությունը հիմնավորում են նախարարի «որոշմամբ»։
Իսկ թե կտրոնի պահանջով չդիմելու դեպքում վճարված գումարի «հանգրվանը» որն էր լինելու՝ հիվանդանոցի բյուջե՞ն, թե՞ մեկ այլ՝ «մասնավոր անկյուն», կռահել կարելի է, այնպես, ինչպես կարելի է կռահել, թե օրվա, ամսվա կամ էլ թե որեւէ ժամանակի կտրվածքով անօրինական վճարման քանի նմանօրինակ դեպք ու անիմաստ հիմնավորում է լինում։

Արձագանքելով «ՀՀ»—ի բարձրացրած վերոնշյալ խնդրին՝ Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը մեզ տեղեկացրեց, որ խնդրի առնչությամբ բուժհաստատության համապատասխան աշխատակցուհին ստացել է խիստ նկատողություն եւ երկրորդ անգամ կրկնվելու դեպքում աշխատանքից կհեռացվի։ Վարչության պետը նմանօրինակ դեպքերն անթույլատրելի է համարում։
Մեր կողմից էլ ավելացնենք, որ երեխայի առողջական վիճակից անհանգստացած ծնողի անուշադիր կամ անիրազեկ լինելու հանգամանքից օգտվելով, նրան մոլորեցնելով, ինչպես ասում են՝ ոտքի վրա խաբելով դրամ շորթելը անթույլատրելի է, եւ կապ չունի գումարի չափը։

Հ. Գ. Համապատասխան գանգատով տվյալ բուժհաստատություն դիմած ծնողին հայտնել են նաեւ՝ «հիմա ԼՈՌ մասնագետ չկա»։ Ստացվում է՝ տեղում համալիր զննում անցնելու համար հիվանդանոց գնալուց առաջ պետք է ճշտել՝ անհրաժեշտ մասնագետներ ունե՞ն, կամ՝ տեղու՞մ են, թե՞ ոչ։ Հակառակ դեպքում պետք է հիվանդանոցից հիվանդանոց անցնել՝ մի տեղում մի բան ստուգել, մեկ այլ տեղում մեկ այլ հետազոտություն անցնել։ Բայց հարց է ծագում՝ առհասարակ հիվանդի առողջական վիճակը տեղից տեղ անցնելու կամ սպասելու հնարավորություն տալի՞ս է։

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: