Ոսկրային պատվաստում ատամնաբուժության մեջ

Ոսկրային պատվաստում ատամնաբուժության մեջ

19.06.2013

Ստոմատոլոգիայի ոլորտում ոսկրային պատվաստման դիմում են այն դեպքում, երբ սեփական ոսկրային հյուսվածքի ծավալը բավարար չէ իմպլանտների տեղադրման համար:

Ի՞նչ պատճառներով կարող են առաջանալ այդպիսի իրավիճակներ.

 

Ըստ անատոմիական կառուցվածքի` բնական ատամների արմատները տեղադրված են ծնոտի մեջ, ինչն էլ ամուր հենարան է հանդիսանում ատամների ֆունկցիոնալ վիճակի համար: Ծնոտոսկրի այս հատվածը ստոմատոլոգիայի բնագավառում անվանում են ալվեոլյար կատար: Ատամների կորստի դեպքում ոսկորը, որը պահպանում է ատամները, այլևս չի կատարում իր ֆունկցիան և սկսում է լուծարվել: Ալվեոլյար կատարների ծավալի` երկարության և լայնության փոքրացումը կարող է սահմանափակել իմպլանտացիայի հնարավորությունները, քանի  իմպլանտը պետք է ամբողջությամբ շրջապատված լինի ոսկրային հյուսվածքներով:

 

Շատ հաճախ, ոսկրի աճեցման անհրաժեշտություն առաջանում է վերին ծնոտի առաջնային հատվածում կամ ստորին ծնոտում: Սա պայմանավորված է նաև անատոմիական կառուցվածքների առանձնահատկություններով` վերին ծնոտի կենտրոնական հատվածում ալվեոլյար կատարը նեղ է, իսկ ստորին ծնոտում` հաստության մեջ գտնվում է բարակ խողովակ, որի միջով անցնում է ստորին ալվեոլյար նյարդը: Ոսկրի ոչ բավարար քանակության դեպքում իմպլանտը կարող է վնասել նյարդը: Եթե նախատեսվում է իմպլանտացիա, ապա այս  դեպքերը ոսկրային պլաստիկայի (ալվեոլյար ոսկրի լայնություն և բարձրությունը ավելացման վիրահատություն) ուղիղ ցուցում  են:

 

Վիրահատության ընթացքը

 

Ոսկրային պատվաստման ընթացքի սխեման հիմնականում կայանում է հետևյալում.  բացակայող ատամի հատվածում`  ալվելոլյար կատարի վրա կատարվում է կտրվածք և առաջացած տարածության մեջ ներդրվում է ոսկրանյութը: Որպես այդպիսին կարելի է օգտագործել պացիենտի ծնոտի այլ մասից  վերցված ոսկրի հատվածը, կամ արհեստական ոսկրանյութ: Վերջիններս կամ խթանում են բնական ոսկրի սինտեզը կամ հենք են հանդիսանում դրա համար: Վերքի արագ լավացման և ոսկրային հյուսվածքի ինտեգրման համար վերքն ամբողջությամբ կարվում է: Տվյալ վիրահատությունները կատարվում են ինչպես տեղային այնպես էլ ընդհանուր անզգայացմամբ:

 

Ե՞րբ կարող են տեղադրվել իմպլանտները

 

Եթե պահանջվում է ալվեոլյար կատարի լայնության աննշան ավելացում, ոսկրային պլաստիկան կարող է կատարվել իմպլանտացիայի հետ միաժամանակ: Շատ դեպքերում այսպիսի վիրահատությունների ընթացքում որպես ոսկրանյութ օգտագործվում են պլաստիկ նյութեր կամ սեփական ոսկրային քերուկը, որը վերցվում  է իմպլանտացիայի հատվածի մոտ: Ավելի լուրջ խնդիր է սեփական ոսկրային հյուսվածքի անբավարար բարձրությունը: Այս դեպքում դրա պակասը լրացվում է ոսկրային բլոկներով: Այսպիսի միջամտությունից հետո պետք է անցնի 4-6 ամիս, որից հետո կարելի է պլանավորել իմպլանտացիան: Ոսկրային բլոկների լավացման ընթացքում հիվանդին կարող են առաջարկել ժամանակավոր կամրջային պրոթեզներ: Ոսկրային պլաստիկան տալիս է կանխատեսվող և էֆեկտիվ արդյունքներ: Եթե նախկինում բավարար քանակությամբ ոսկրային հյուսվածքների բացակայության դեպքում ստիպված էինք հրաժարվել իմպլանտացիայից, ապա այսօր այդ խնդիրը բավականին հեշտ է լուծվում:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: