Մանկական ստոմատոլոգիա

Մանկական ստոմատոլոգիա

15.07.2013

Այժմ խոսենք այն մասին, թե ինչպես է բուժվում կարիեսը: Առաջին հերթին վնասված ատամից հեռացվում են միկրոօրգանիզմներով վարակված հյուսվածքները: Հետո խոռոչը հերմետիկորեն փակվում է հատուկ պլոմբանյութերով:

Սովորաբար, ծնողները չեն տարբերակում կաթնատամների և մշտական ատամների կարիեսը: Ամեն դեպքում, տարբերություն կա:

Մանկական օրգանիզմում  պրոցեսներն արագ են զարգանում, ինչն էլ նշանակում է, որ կաթնատամների կարիեսը նույնպես ավելի արագ է զարգանում, քան մշտական ատամներինը: Կաթնատամների կարիեսի բուժման հիմնական բարդությունը կայանում է նրանում, որ երեխան ամեն կերպ խանգարում է ստոմատոլոգին իրականացնել նորմալ հետազոտություն և բուժում: Պատճառն այն է, որ երեխան վախենում է բժշկական համազգեստով անծանոթ մարդկանցից, մթնոլորտից, գործիքներից, այն ամենից, ինչից կարելի է և չի կարելի վախենալ: Նա նաև հոգնում է երկար ժամանակ նույն ձևով նստելուց: Հավանաբար դա է պատճառը, որ մի ժամանակ ստոմատոլոգները չէին ձգտում երեխաներին որակյալ բուժում տալ: Բուժումն իրականացվում էր շատ արագ քանի դեռ երեխան  համաձայնվում էր բաց անել բերանը: Այս դեպքում որակի մասին ավելորդ է նշելը, քանի որ նման պայմաններում չի հաջողվում ամբողջությամբ հեռացնել ատամի վարակված և բորբոքված հատվածները։ Իսկ նյութերը կատարյալ չէին՝ դրանք առաջին հերթին պետք է արագորեն չորանային և կարծրանային, որպեսզի ինչ-որ կերպ փակեին կարիեսից առաջացած խոռոչները: Նման բուժումը կարող է հանգեցնել պլոմբայի շուտ պոկվելուն և, նույնիսկ, բարդությունների:

Սակայն այսօր, երբ ստոմատոլոգիան «իր դռներն է բացել» երեխաների առջև, ամեն ինչ արվում է երեխաների ատամների արագ և որակյալ բուժման համար: Ժամանակակից կոմպոզիտային նյութերը մնայուն են, հիգիենիկ և էսթետիկ: Ժամանակակից մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկաներում կիրառվում են հատուկ տեխնոլոգիաներ, որը նպաստում է բուժման արդյունավետությանը: Այս տեխնոլոգիաներն օգնում են երեխային թուլանալ, իսկ ստոմատոլոգին կատարել բոլոր անհրաժեշտ մանիպուլյացիաները և որակյալ բուժել ատամը:

Հավանաբար, ձեզանից շատերին է հուզում այս հարցը. բուժե՞լ, թե՞ հեռացնել երեխայի կարիեսով հիվանդ ատամները: Մեր պատասխանն է` միանշանակ բուժել: Ինչո՞ւ, որովհետև կաթնատամները ժամանակից շուտ հեռացնելը հանգեցնում է լուրջ խախտումների` առաջին հերթին հիմնական ատամի դուրս գալու բարդացմանը: Չէ՞ որ հարևան ատամները սկսում են տեղից շարժվել` փորձելով զբաղեցնել բաց տարածությունը, իսկ հիմնական ատամը կարող է դուրս գալ սխալ տեղից:

Այս դեպքում արդեն ավելի հասուն տարիքում առաջանում են սխալ կծվածքի ուղղման խնդիրներ: Բացի այդ, կաթնատամների բացակայությունը բացասական է ազդում ուտելիքը ծամելու վրա, խախտվում է կծվածքի, խոսելու, դեմքի կմախքի զարգացումը և առաջանում են կոսմետիկ թերություններ: Ուստի, բուժումը միակ ճիշտ որոշումն է: Եվ մի հավատացեք, եթե Ձեզ ասեն, որ երեխաների ատամները չի կարելի լիցքավորել կոմպոզիտային նյութերով: Դա ճիշտ չէ: Պարզապես շատ պոլիկլինիկաներում չկան համապատասխան պայմաններ, որոնք երեխային բավականին երկար ժամանակ կպահեն աթոռին նստած, իսկ բժշկին հնարավորություն կտան ճշտորեն իրականացնել բուժումը: Եթե նույնիսկ ատամը բավականին վնասված է և անհրաժեշտ է այն հեռացնել, ապա առաջացած դատարկ տարածությունում կարելի է տեղադրել հատուկ տարածության պահպանիչներ: Ինչպես նաև կարելի է տեղադրել  կոկիկ շարժական պրոթեզներ:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: