Մանկական ստոմատոլոգիա

Մանկական ստոմատոլոգիա

19.07.2013

 

Սովորաբար կաթնատամների ծկթումը սկսվում է փոքրիկի կյանքի երրորդ ամսում և վերջանում երեք տարեկանում: 4-7 ամիսների ընթացքում դուրս են գալիս ստորին առջևի ատամները, որոնք կոչվում են ստորին ծնոտի կենտրոնական կտրիչներ: 1-2 ամիս հետո ծկթում են վերին կենտրոնական և կողմնային չորս կտրիչները, իսկ դրանից մեկ ամիս անց` երկու ստորին կողմնային կտրիչները: Հաջորդը ծկթում են կողմնային ծամիչները: Սկզբում ամենաետինները, այնուհետև` նախավերջինները: Եվ վերջապես, երկու տարեկանում ծկթում են ժանիքները, այնպես որ երեխաների մեծ մասն իրենց երկրորդ ամյակը նշում է 20 ատամով: Չնայած այս կանոնները միշտ չէ, որ գործում են, ամեն դեպքում, եթե ձեր փոքրիկն այս տարիքում ավելի քիչ ատամ ունի, ապա ապահովության համար կարելի է դիմել մանկական ստոմատոլոգի խորհրդատվությանը: Միանգամայն հնարավոր է, որ ոչ մի լուրջ վտանգ չլինի, սակայն ավելի լավ է դա լսել բժշկից:

 

Իհարկե, կյանքում շատ բացառություններ են լինում: Երբեմն երեխաները ծնվում են արդեն մեկ կամ երկու ատամներով, հաճախ դրանք ծկթում են կյանքի առաջին մի քանի ամիսների ընթացքում: Եթե ատամները չեն խանգարում երեխային կերակրելուն կամ այնքան ուժեղ չեն շարժվում, որ կարողանան ընկնել, ապա անհանգստանալու կարիք չկա: Դա կհաստատի նաև ձեր փոքրիկի մանկաբույժը:

 

Ծկթման ժամանակահատվածում ծնողներին ավելի շատ անհանգստացնում է փոքրիկի վատ տրամադրությունը, չափազանց մեծ թքարտադրությունը և ինչ-որ բան ծամելու ցանկությունը: Բացի այդ, երեխաների մի մասի մոտ այս պրոցեսն առանց ցավի է ընթանում, իսկ շատերի մոտ նկատվում է գրգռվածություն, ցավ, քնի և սննդի ռեժիմի խախտումներ: Այս դեպքում, խորհուրդ ենք տալիս դիմել մանկաբույժին կամ մանկական ստոմատոլոգին:

 

Երեխայի մոտ կարող է նկատվել ջերմության բարձրացում: Որպես կանոն, ծկթումը ջերմության զգալի բարձրացման կամ ստամոքսի խանգարման պատճառ չի հանդիսանում: Այնպես որ, եղեք ուշադիր և նման ախտանիշների երևալուն պես անհապաղ խորհրդակցեք մանկաբույժի հետ, քանի որ այդ ախտանիշները, հավանաբար, պայմանավորված են այլ հիվանդության հետ:

 

Մի քանի խորհուրդ, թե ինչպես օգնել երեխային կաթնատամների ծկթման պրոցեսն առավել հանգիստ անցկացնելու համար:

 

1. Պարբերաբար մաքրեք երեխայի դեմքը հատուկ սրբիչով կամ թաշկինակով, որպեսզի հեռացնեք թուքը և կանխեք մաշկի գրգռվածությունը:

2. Փոքրիկի գլխի տակ կտորից անձեռոցիկ դրեք, որպեսզի այն ներծծի թուքը: Այդ դեպքում ստիպված չեք լինի սավանը հաճախակի փոխել:

3. Մաքուր մատով թույլ մերսեք երեխայի լնդերը:

4. Երեխայի ատամներին ասպիրին կամ այլ հաբեր մի դրեք, լնդերին ալկոհոլ պարունակող լուծույթներ մի քսեք:

5. Եթե երեխան իրեն վատ է զգում, օգտագործեք երեխաների համար նախատեսված պարացետամոլը: Սակայն նախ խորհրդակցեք մանկաբույժի հետ:
Երեխային ինչ-որ իր տվեք ծամելու համար, սակայն այն թող լինի բավականին մեծ և ամուր, որպեսզի նա չկարողանա տվյալ իրը կուլ տալ կամ փոքր մասերի բաժանել: Այս նպատակով գոյություն ունեն ծկթման հատուկ օղակներ, որոնք վաճառվում են բոլոր դեղատներում: Խուսափեք հեղուկ պարունակող օղակներից, քանի որ դրանք հաճախ ծակվում են: Օղակը, նախքան երեխային տալը, դրեք սառնարան, որպեսզի այն մի փոքր սառչի: Ուշադիր եղեք, որպեսզի այն քարանալու աստիճան չսառի: Հակառակ դեպքում, կարող են վնասվել թույլ լնդերը:
Ոչ մի դեպքում օղակը մի կապեք երեխայի պարանոցից, այն կարող է խճճվել ժապավենի մեջ:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: