Անզգայացման համար օգտագործվող դեղերի որակի առումով անհանգստություն կա

Անզգայացման համար օգտագործվող դեղերի որակի առումով անհանգստություն կա

15.10.2013
Հոկտեմբերի 16-ը Անեսթեզիոլոգների համաշխարհային օրն է: Այսօր օրվան ընդառաջ ոլորտի խնդիրներին ու հաջողություններին անդրադարձավ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի Անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի վարիչ, Բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի ամբիոնի դասախոս, Անեսթեզիոլոգների ասոցիացիայի վարչության անդամ Էմիլ Վարդապետյանը:
 
«Անեսթեզիոլոգի աշխատանքի ընթացքում կա կյանքի և մահվան հետ առնչվելու խնդիր: Հնարավոր է մարդուն անզգայացնես ու չարթնանա: Այնպիսի միջոցներ, որոնք որևէ բարդություն չեն առաջացնի մարդու օրգանիզմի հետ առնչվելիս, դեռ գոյություն չունեն: Լինում են դեպքեր, երբ լուրջ բարդություններ են առաջանում, մահացու դեպքեր են լինում: Պետք է շատ հմուտ լինել, բանիմաց»,- ասաց նա:
 
Էմիլ Վարդապետյանը նշեց, որ մասնագիտությունը Հայաստանում բավական զարգացել է, բայց այն խորը նյութատեխնիկական բազա և սարքավորումներ է պահանջում, ինչն ամբողջությամբ չի բավարաված: Նա նկատեց, որ անհանգստություն կա անզգայացման համար օգտագործվող դեղերի որակի առումով: Հիմա կիրառվող դեղորայքն ու պարագաները բավական էժան են ու, ըստ մասնագետի, դժվար է օբյեկտիվ դատել դրանց որակի մասին:
 
Նա նաև հայտնեց, որ Հայաստանում մեծ փոփոխություններ վերջին տարիներին չեն եղել, անընդհատ արդիականացման անհրաժեշտություն կա, բայց հնարավորություն չկա դա կատարելու: «Եթե մասնագիտությունը դիտվեր որպես ստրատեգիկ ռեսուրս, միգուցե հնարավոր լիներ որոշ հարցեր լուծել: Պետական ուշադրության խնդիր կա: Մենք կարիք ունենք արհեստական շնչառության, անզգայացման սարքերի: Լիարժեք հագեցվածություն չկա»,- ասաց նա:
 
Բժիշկը մտահոգություն հայտնեց, որ մասնագետների արտահոսքը շատացել է, և դա լուրջ խնդիր է դառնում: Ընդ որում, լավ մասնագետներն են գնում. «Մեր մասնագիտությունը ծանր մասնագիտություն է՝ լայնածավալ պահանջներ ներկայացնող»:
 
Աղբյուր` Panorama.am

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: