Դեղերի մաքսային ձեւակերպումը տեղափոխվում է էլեկտրոնային հարթակ

Դեղերի մաքսային ձեւակերպումը տեղափոխվում է էլեկտրոնային հարթակ

29.10.2013

Արտաքին առեւտրի խթանում, մաքսային վարչարարության պարզեցում, ներդրումային միջավայրի բարելավում, կոռուպցիոն երեւույթների հաղթահարում. ՊԵԿ—ը բարեփոխումների հերթական քայլն է կատարում՝ ներդնելով դեղերի եւ դեղանյութերի ներմուծման «Մեկ պատուհան» համակարգ, հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Գործող էլեկտրոնային կառավարման համակարգերին կոմիտեն աստիճանաբար ինտեգրում է նաեւ այլ գերատեսչությունների։ Մասնավորապես, նոյեմբերի 1—ից դեղեր ներմուծող յուրաքանչյուր ընկերություն, մուտք գործելով «trade.customs.am» կամ «trade.gov.am» նորաստեղծ կայքեր, առողջապահության նախարարությանը եւ դեղերի ու տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին իր գրասենյակից առցանց դեղերի ներմուծման հավաստագրի հայտ ներկայացնելու հնարավորություն կունենա։

Ըստ ՊԵԿ—ի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Տիգրան Տիգրանյանի, «հենց գրասենյակից գործարարները կկարողանան հետեւել հայտի մշակման ողջ գործընթացին՝ արդյունքում ստանալով ներմուծման հավաստագիրն էլեկտրոնային տարբերակով։

Այդպիսով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները կազատվեն նաեւ հավաստագիրը մաքսային ծառայությանը ներկայացնելու անհրաժեշտությունից, քանի որ այն նոր ծրագրի շնորհիվ նույն պահին էլեկտրոնային եղանակով արդեն իսկ հասու կլինի մաքսավորին»։

Հավաստագրում առկա դեղերի, ղեղանյութերի անունների, նկարագրությունների ու ծածկագրերի ավտոմատ զետեղումը թույլ կտա բացառել մեխանիկական սխալները եւ նվազեցնել ձեւակերպումների համար պահանջվող ժամանակահատվածը
«Մաքսբրոք» մաքսային գրասենյակ» ՍՊԸ—ի տնօրեն Արմեն Հարությունյանի խոսքերով, «ՊԵԿ—ն էլեկտրոնային կառավարման համակարգ է ներգրավում նաեւ շահագրգիռ այլ գերատեսչությունների, տվյալ դեպքում առողջապահության նախարարությանը եւ նրա ենթակառուցվածքները, նրանց եւս մասնակից է դարձնում «մեկ պատուհան համակարգին», քանի որ հիմնական գործողությունները կատարվում են այդ գերատեսչություններում»։

«Ռիխտեր—Լամբրոն» համատեղ ձեռնարկության գլխավոր հաշվապահ Հեղնար Ղարիբյանի կարծիքով, «ՊԵԿ—ի կողմից ներդրված նոր համակարգը ընդառաջ քայլ է դեպի բիզնես, որը բավականին կհեշտացնի դեղ ներմուծողների աշխատանքը, դյուրին եւ պարզ կդարձնի ներմուծման ամբողջ գործընթացը»։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: