Մասնավորը՝ առողջապահության ոլորտում

Մասնավորը՝ առողջապահության ոլորտում

16.11.2013

Կարմիր ժապավենը կտրվեց. երեկ Ռոստովյան 17/1 հասցեում բացվեց «Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոնը։ Կենտրոնում կմատուցվեն ամբուլատոր—ախտորոշիչ եւ հիվանդանոցային ծառայություններ։ Այն համալրված է ախտորոշիչ նորագույն սարքավորումներով, այդ թվում՝ համակարգչային տոմոգրաֆով, թվային ռենտգենով եւ թրեդմիլ սարքերով։


ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այդ եւ մյուս սարքավորումներին, հիվանդանոցային պայմաններին ծանոթանալուց հետո բժշկական կենտրոնին հանձնեց գործունեության լիցենզիան։ Այնուհետ բաժակ բարձրացնելով՝ հաստատությանը հաջող ընթացք մաղթեց ու ընդգծեց, որ հիվանդանոցի շինարարությունը եղել է նախարարության ուշադրության կենտրոնում. «Բայց լիցենզիայով չբավարարվեք, որովհետեւ դուք անընդհատ հսկողության տակ եք լինելու։ Ամեն ինչ արեք, որ հիվանդները բավարարված դուրս գան այստեղից, որակյալ ծառայություններ մատուցեք»։ Հետո էլ կատակեց, թե իր գնալուց անմիջապես հետո կարո՞ղ են առաջին վիրահատությունը կատարել։

Իսկ արդեն լրագրողների հետ զրույցում ասաց, որ գաղափարն իրեն դուր է եկել. մասնավորը կլինիկա է կառուցում։ Դա երբեւիցե ակտուալ չի եղել։ «Շենքը բավականին հարմար է հիվանդանոցի համար։ Ուրախ եմ նման կլինիկայի ստեղծման առիթով եւ կարծում եմ, որ այն բավականին կբարելավի հանրապետության բժշկական օգնության որակը։
Մասնավոր կլինիկաներում գնային նորմեր ենք սահմանել, որ դա գնագոյացման հետ լինի կարգավորվող։ Սակայն յուրաքանչյուր մասնավոր հիմնարկ ինքն է որոշում իր գնային քաղաքականությունը։ Այստեղի ղեկավարությունը պնդում է, որ կլինեն բավականին մատչելի գներ»,–տեղեկացրեց նախարարը։

Բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դարբինյանի խոսքերով էլ՝ իրենց մասնագետները վերապատրաստվել են ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում։ Վստահեցնում է, որ իրենց մոտ մասնագետների հրաշալի խումբ է աշխատում։
Կլինիկայում վիրահատություններ կկատարվեն ինչպես բաց, այնպես էլ լապարոսկոպիկ եղանակով։ Կան նաեւ ժամանակակից սարքավորումներով հագեցած վերակենդանացման եւ հետվիրահատական բաժին, ախտահանիչ, վիրակապական սենյակներ, ընդունարան, հարմարավետ հիվանդասենյակներ։

Կգործեն հետեւյալ բաժանմունքները՝ ընդհանուր վիրաբուժություն, վնասվածքաբանություն, ուռոլոգիա, պրոկտոլոգիա, անոթային վիրաբուժություն, քիթ—կոկորդ—ականջաբանություն, օպերատիվ գինեկոլոգիա, էնդոսկոպիկ վիրաբուժություն։
Կենտրոնում ստացիոնար բուժում ստացող բոլոր հիվանդներին կմատուցվի 3—անգամյա սնունդ՝ ըստ նշանակված բժշկական դիետաների։

Քառահարկ կենտրոնն ապահովված է նաեւ կենցաղային անհրաժեշտ հարմարություններով՝ ավտոկանգառով, ջեռուցման համակարգով, ժամանակակից վերելակներով։
Հաստատությունն ունի 50 մահճակալ։ Մահճակալային ֆոնդն այդքան էլ մեծ չէ, եւ Դ. Դումանյանը դա է համարում ժամանակակից պահանջը. «Մահճակալների թվով չի որոշվում հիվանդության ծանրությունը։ Դրանց թիվը որեւէ նշանակություն չպետք է ունենա։ Պետք չէ, որ հիվանդներն անընդհատ պառկեն։ Նրանք այստեղ լինելու են մեկ, երկու օր, եւ մահճակալներն անընդհատ ծանրաբեռնված են լինելու։ Սա է արդյունավետ կառավարման ժամանակակից ձեւը»։

Նա տեղեկացրեց նաեւ, որ մտածում են ստեղծել հիվանդանոցների գնահատման ռեյտինգային ցուցանիշներ, որտեղ սահմանված կլինեն մի շարք չափորոշիչներ, մասնավորապես, հիվանդների գոհունակության աստիճանը, բժշկական օգնության որակը, եւ այլն։ Ըստ նախարարի՝ այն հիվանդանոցները, որոնք կունենան բարձր վարկանիշ, նրանց նկատմամբ պետության վերաբերմունքն այլ կլինի, գուցե, բուժման գները մի փոքր ավելի կգնահատվեն։ «Յուրաքանչյուր բուժհաստատություն պետք է շահագրգռված լինի, որ բարձր ռեյտինգ ունենա։ Բայց բարձր ռեյտինգ ունեցող բուժհաստատությունն իր բուժքրոջ միջին աշխատավարձը պետք է առնվազն 150 հազար դրամ սահմանի»,–նշեց Դ. Դումանյանը։

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: