Ատամ, ատամների զարգացում

Ատամ, ատամների զարգացում

24.08.2012

Ատամները լորձաթաղանթի ոսկրացած պտկիկներ են, որոնք ծառայում են ուտելիքի մեխանիկական մշակման համար:
Յուրաքանչյուր ատամ բաղկացած է ատամի պսակից (corona dentis), վզիկից (collum dentis), արմատից (radix dentis): Պսակը ատամի երևացող մասն է և լնդից դուրս է ցցված, վզիկը` նեղացած մասն է և գրկված է լնդով, իսկ արմատը նստած է ատամնաբնի մեջ և վերջանում է ատամի գագաթով (apex dentis), որի վրա նույնիսկ չզինված աչքով կարելի է տեսնել գագաթի անցքը (foramen apices): Վերջինիս միջով ատամի մեջ են մտնում անոթներ ու նյարդեր: Ատամի ներսում կա խոռոչ (cavum dentis), որի շարունակությունը արմատի մեջ կոչվում է արմատի խողովակ (canalis radicis), վերջինս բացվում է վերը նշված գագաթի անցքով: Ատամի խոռոչը լցված է արյան անոթներով և նյարդերով հարուստ ատամի միջուկով կամ կակղանով (pulpa dentis): Ատամների արմատները ատամնաբների մակերեսին սերտորեն միաձուլվում են արյան անոթներով հարուստ ատամնաբնային շրջոսկրի միջոցով(periodentinum): Ատամի կարծր նյութը բաղկացած է`
1.    դենտինից(ատամնանյութից) (dentinums)
2.    էմալից (enamelum),
3.    ցեմենտից (cementum):
Ատամի խոռոչը շրջապատող գլխավոր զանգվածը դենտինն է: Պսակը արտաքուստ պատված է էմալով, իսկ արմատը` ցեմենտով:


Ատամների զարգացում


Կաթնատամների ծկթումը, այսինքն` լնդերի բարակելը և պսակի երևան գալը բերանի խոռոչում սկսվում է արտաարգանդային կյանքի 7-րդ ամսից և վերջանում 3-րդ տարվա սկզբում (առաջինը ծլում են ստորին միջային կտրիչները): Կաթնատամները 20-ն են: Ծնոտների յուրաքանչյուր կեսի վրա կա` երկու կտրիչ, մեկ ժանիք և 2 աղորիքներ:
6 տարեկանից սկսվում է կաթնատամների փոխարինումը մնայուն ատամներով: Փոխարինվելու ընթացքում, բացի 20 կաթնատամներից, ծկթում են նոր ատամներ և ամեն մի կաթնատամի տեղը բռնում է մի մնայուն ատամ: Մնայուն ատամների ծկթումը սկսվում է առաջին մեծ աղորիքից (վեցամյա մոլլարը), 11-13 տարեկանում ատամների ծկթումը ավարտվում է, բացառությամբ երրորդ մեծ աղորիքի(իմաստության ատամ), որը սովորաբար ծկթում է 18-30 տարեկանում:
Կաթնատամներն ունեն մի քանի առաձնահատկություններ, փոքր են, ունեն քիչ թմբիկներ և արմատները հեռացած են իրարից, որոնց արանքներում գտնվում են մանյուն ատամների սաղմերը: Մնայուն և կաթնատամների արմատների թիվը նույնն է:
Ստորև բերված է կաթնատամների և մնայուն ատամների ծկթելու ժամանակն ու կարգը:
Կաթնատամներ`
Միջային կտրիչներ - 6-8ամսում
Կողմնային կտրիչներ - 7-9ամսում
Առաջին աղորիքներ - 12-15ամսում
Ժանիքներ - 16-20ամսում
Երկրորդ աղորիքներ - 20-24ամսում
Մնայուն ատամներ`
Առաջին մեծ աղորիքներ - 6-7 տար.
Միջային կտրիչներ - 8տար.
Կողմնային կտրիչներ - 9տար.
Առաջին փոքր աղորիքներ - 10տար.
Ժանիքներ - 11-13տար.
Երկրորդ փոքր աղորիքներ - 11-15տար.
Երկրորդ մեծ աղորիքներ - 13-16տար.
Երրորդ մեծ աղորիքներ - 18-30տար.

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: