Պետք է իմանալ մաստակ օգտագործելու ճիշտ ձեւը

Պետք է իմանալ մաստակ օգտագործելու ճիշտ ձեւը

06.02.2014

Մաստակի գովազդային հոլովակները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը: Գովազդը մեզ ներշնչում է, որ առանց դրանց  մենք ատամնափութի (կարիեսի)  զոհը կդառնանք, բայց  արդյո՞ք դա այդպես է, եւ ին՞չ սպառնալիքներ է իր մեջ պարունակում հենց մաստակը: NEWS.am Medicine-ի խնդրանքով մեկնաբանում է  բժիշկ-ստոմատոլոգ Արմեն Բաբայանը:

«Պետք է իմանալ մաստակ օգտագործելու ճիշտ ձեւը»,- նշում է ստոմատոլոգը: Նրա խոսքով, մոլորակի բնակիչների ամենատարածված մոլորություններից մեկն այն է, որ եթե իրենք մաստակ են ծամում, ապա կարող են չմաքրել ատամները: Մինչդեռ մաստակը չի մաքրում ատամները: Այն նաեւ չի կարելի երկար ու հաճախ ծամել:

Ինչպես ասում է Ա. Բաբայանը, այսօր իրականում կարելի է գնել մաստակ, որը վերականգնում է բերանի  խոռոչի թթվա-հիմնային հավասարակշռությունը: Բայց դրանք պետք է օգտագործել մինչեւ 10 րոպե, չի կարելի անընդհատ ծամել: Այդ ժամանակ ատամները տուժում են այն առումով, որ նրանց վրա մշտական ծամիչ ծանրաբեռնվածություն է ընկնում, ինչը վերածվում է գերբեռնվածության: Ատամները ստիպված մշտապես աշխատում են, իսկ  մարդկային ատամները բնության կողմից նախատեսված չեն դրա համար:

Մշտապես մաստակ ծամող մարդկանց մոտ առաջանում է ատամների ախտաբանական մաշվածություն, դրանք դառնում են ավելի բարակ եւ կարճ: Ինչի  հետեւանքով փոխվում է  կծվածքը եւ ատամների ծամիչ արդյունավետությունը: Խոսքն այն բանի մասին է, որ սնունդը անհրաժեշտ չափով չի մանրացվում, ինչն արդյունքում բերում է աղե-ստամոքսային համակարգի գերծանրաբեռնվածության: Իսկ կծվածքի փոփոխությունը հանգեցնում է  շեղումների, ստորին ծնոտային հոդի փոփոխությունների: « Կան արհեստական ատամների համար նախատեսված  հատուկ մաստակներ, որոնք չեն կպչում օրթոպեդիկ կառույցներին»,- նշում է բժիշկ-ստոմատոլոգը:

Համաձայն շաքար չպարունակող մաստակի վերաբերյալ որոշ արտասահմանյան հետազոտությունների, դրանք հաճախակի պարունակում են թթվային հավելումներ (ֆրուկտոզա, արոմատիզատորներ), որոնք ունակ են վնասել ատամի էմալը, ինչպես նաեւ ատամի վնասման լուրջ սպառնալիք դառնալ:Իսկ որոշ հետազոտողներ եկել են եզրակացության, որ պլոմբած ատամներ ունեցող մարդիկ, ովքեր մշտապես ծամոն են ծամում, կարող են թուլացնել ատամի պլոմբը (ատամնալիցքը):

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: