Մարգարտյա սպիտակությամբ ատամներ՝ առանց ատամնաբույժի այցելության

Մարգարտյա սպիտակությամբ ատամներ՝ առանց ատամնաբույժի այցելության

06.05.2014

Մեր օգտագործած սնունդը եւ խմիչքը կարող են մեծ ազդեցություն ունենալ ատամների արտաքին տեսքի վրա՝ ստիպելով մեզանից շատերին ամաչել ժպտալիս։ Ատամների սպիտակությունը կարելի է վերականգնել՝ այցելելով ատամնաբույժի, բայց դուք, իհարկե, բավականին մեծ գումար կծախսեք։ Medical Daily.com-ը առաջարկում է մի քանի բնական միջոցներ Ձեր ատամների սպիտակությունը վերականգնելու համար։

1. Օգտագործեք կերակրի սոդա

Կերակրի սոդայի քիմիական բաղադրությունը արդյունավետ հեռացնում  է ատամների մակերեսին մնացած հետքերը։  Ըստ Ամերիկյան քիմիական ընկերության՝ ի տարբերություն այլ միջոցների՝ կերակրի սոդայի փափուկ բյուրեղները ջրում հեշտ լուծելի են, ինչը թույլ է տալիս սոդայի բյուրեղներին ներթափանցել ատամների միջեւ։ Բայց խորհուրդ չի տրվում ատամները մաքրելու համար օգտագործել կերակրի սոդա ավելի քան ամիսը երկու անգամ։

2 Մաստակ

Միգուցե սա կարող է մի փոքր անտրամաբանական թվալ, բայց առանց շաքարի մաստակը իսկապես կարող է օգնել բերանի խոռոչում թթվայնության մակարդակը եւ վնասակար բակտերիաների քանակը նվազեցնելու հարցում։ Մաստակ ծամելու գործընթացը խթանում է թքի արտադրությունը, որն իր մեջ պարունակում է մակերեւույթա-ակտիվ նյութեր եւ հատուկ ֆերմենտներ, որոնք կարող են կանխել ատամների աղտոտումը։ Տարիքին զուգընթաց թքագեղձերը սեղմվում են եւ ավելի քիչ չափով թուք են արտադրում։ Ուստի, մաստակը կարող է բարձրացնել թքարտադրության մակարդակն ու կանխել  կարիեսի առաջացումը։

3. Կերեք թարմ միրգ եւ բանջարեղեն

Մրգերի ու բանջարեղենի օգտակար հատկությունները ազդում են  նաեւ  բերանի խոռոչի հիգիենայի վրա։ Հում գազարը, նեխուրն ու փխրուն խնձորը ատամները մաքրող միջոցներ են, որոնք միեւնույն ժամանակ չեն վնասում ատամի էմալը։  Սպանախը, բրոկկոլին եւ հազարը պարունակում են հանքային միացություններ, որոնք փաստորեն, ձեւավորում են պաշտպանիչ շերտ, որի շնորհիվ այլ մթերքների գունանյութերը ատամների վրա հետքեր չեն թողնում։

4. Օգտագործեք կաթնամթերք

Մեծ քանակությամբ կալցիում պարունակելու շնորհիվ պանրի եւ կաթնամթերքի այլ տեսակների օգտագործումը դրական ազդեցություն է ունենում Ձեր ատամների վրա։ Կալցիումը շատ կարեւոր է ոսկորների ու ատամների ամրացման համար, եւ այն կանխում է  ոսկրային զանգվածի կորուստը։ Կաթնամթերքի մեջ առկա կաթնաթթուն ամրացնում է ատամի էմալը եւ պաշտպանում ատամը փտախտից։

5 Ելակ քսեք ատամներին

Մեծ քանակությամբ վիտամին С պարունակող հատապտուղները կարող են օգնել Ձեզ վերացնել ատամների վրա առաջացած նստվածքը, իսկ խնձորաթթուն հեռացնում է ատամների վրա առաջացած հետքերը, հայտնել է բրիտանական Թագավորական քիմիական ընկերությունը։ Պարզապես կտրեք ելակը եւ քսեք այն Ձեր ատամներին կամ խառնեք ելակը ատամի մածուկի հետ։  Բերանը ողողելուց առաջ թողեք այդ զանգվածը ատամների վրա մոտ հինգ րոպե։

6. Ձեթով ողողում

Այժմ շատ տարածված է հին այուրվեդիկ մեթոդը՝ բերանի խոռոչի ողողումը կոկոսի, քունջութի եւ արեւածաղկի ձեթով ամեն առավոտ նախաճաշից առաջ։ Որոշ մարդիկ պնդում են, որ այս մեթոդը օգնում է մաքրել ատամների վրա առկա նստվածքը եւ հեռացնել տոքսինները։

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: