Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական կոնգրեսը՝ Երևանում

Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական կոնգրեսը՝ Երևանում

19.05.2016

Երեւանում այսօր մեկնարկել է  ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական կոնգրեսը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել բժիշկներ ոչ միայն սլավոնական երկրներից, այլեւ ԱՄՆ-ից, Ֆինլանդիայից, Շվեյցարիայից, Վրաստանից եւ Լիբանանից: Պատվիրակություն է եկել նաեւ Լեռնային Ղարաբաղից:

Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ այդ կոնգրեսի կազմակերպման գաղափարն ի հայտ էր եկել դեռեւս անցյալ տարի, սակայն այժմ են կազմակերպել` կոնգրեսը նվիրելով Հայաստանի անկախության 25-ամյակին: Հայերը եւ սլավոնական երկրների ժողովուրդները, մասնագետի խոսքով, վաղեմի բարեկամներ են, այդ պատճառով միացյալ գիտական համաժողովը նրանց կօգնի ոչ միայն փորձի փոխանակում կատարել, այլեւ ամրապնդել եւ բարելավել հարաբերությունները:

Կոնգրեսի ընթացքում մասնագետները կքննարկեն թերապիայի, վիրաբուժության, իմպլանտոլոգիայի, պարոդոնտոլոգիայի եւ ատամնաբուժության այլ ուղղությունների այսօր այժմեական բոլոր խնդիրները: Լազար Եսայանը դասախոսությամբ հանդես կգա բերանի խոռոչում թթվաալկալիական հաշվեկշռի վերականգնման մասին, Ալեքսանդր Դուգալեւը  (ՌԴ) կպատմի անատոմիական բարդ պայմաններում իմպլանտների տեղադրման մասին, Տատյանա Պոպրուժենկոն  (Բելառուս) դասախոսություն կկարդա բերանի խոռոչի հերպեսային վարակների մասին, Բարբարա Շերինը (ԱՄՆ) կպատմի բերանի խոռոչի քաղցկեղի մասին: Կոնգրեսի ընթացքում նաեւ բազմաթիվ այլ դասախոսություններ եւ վարպետաց դասեր կլինեն, որոնք կացկացնեն տեղի, ինչպես նաեւ օտարերկրյա մասնագետները:

Կոնգրեսը կազմակերպվել է Հայաստանի առողջապահության եւ գիտության ու կրթության նախարարությունների, Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի եւ Ատամնաբուժական կրթության եւ հետազոտությունների ասոցիացիայի կողմից:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: