Ստոմատոլոգն ու ատամնաբույժը տարբեր բաներ են. Ռոստոմյանը՝ Հայրապետյանին

Ստոմատոլոգն ու ատամնաբույժը տարբեր բաներ են. Ռոստոմյանը՝ Հայրապետյանին

04.11.2016
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապատյանի այն հայտարարությանը, թե սպորտի նախարարը թող ատամնաբուժությամբ զբաղվի: Սրան ի պատասխան, Ռոստոմյանը նախ նշեց, որ ատամնաբուժությունն ու ստոմատոլոգիան տարբեր մասնագիտություններ են, և ինքն ատամնաբույժ չէ, այլ ստոմատոլոգ:
 
Նա ասաց նաև, որ իր առաջին մասնագիտությամբ շատ է հպարտանում, որևէ կոմպլեքս չունի ստոմատոլոգի մասնագիտությունից: «Երկու տարի աշխատել եմ ստոմատոլոգ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում, դասավանդել եմ Երևանի պետական բժշկական համալսարանում, ապա ավարտել եմ նաև Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը»,- ասաց Ռոստոմյանը:
 
Yerkir.am-ի հարցին, թե պատրաստվո՞ւմ է, արդյոք, հետևել Հայրապետյանի խորհրդին և չխառնվել ֆուտբոլին վերաբերող հարցերին, նախարարը պատասխանեց. «Լինի ֆուտբոլ կամ այլ մարզաձև՝ խաղային, թե՝ պայքարային, ես չեմ կարող, երբ տեսնում եմ խնդիրները, որևէ ներգրավվածություն չունենալ, դա բացառվում է: Երեկվա արձագանքից հետո այն ծրագրերը, որոնք նախատեսել էինք իրականացնել, ես ավելի կարագացնեմ և մոտ ապագայում կտեսնեք, և դա կանեմ հօգուտ հայկական ֆուտբոլի: Ֆուտբոլն ինքն իրենով մարզաձև չէ, դա մեր ազգը կարող է միացնել, հակառակորդների միացնել, երբ թիմը հաղթանակ է տանում: Մեր կարևորագույն գործառույթը, սկսած շարքային երկրպագուից, վերջացրած պատասխանատուով, այն է, որ պետք է ամեն ինչ անենք, որ հայկական լեգենդար ֆուտբոլի ավանդույթները շարունակվեն»:
 
Նշենք, որ ավելի վաղ Ռոստոմյանն ասել էր, որ Հայրապետյանն իրեն խորհուրդ տվողների ցանկում չէ:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: