Գրանցվել է Խոզի գրիպից մահացության ևս 2 դեպք

Գրանցվել է Խոզի գրիպից մահացության ևս 2 դեպք

20.01.2016
Գրանցվել է Խոզի գրիպից մահացության ևս 2 դեպք
Ինչ վերաբերում է դպրոցներում արձակուրդները երկարացնելուն, նախարարն ասաց, թե հարցը դեռևս քննարկվում է
 
 
Մինչ այս պահը H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
 
«Մենք  գնացել ենք շատ պարզ, բյուրեղյա աշխատանքի ոճով և կարծում եմ, որ սա խիստ նպաստավոր է եղել, որպեսզի մարդկանց զգոնությունը բարձր լինի»,-ասաց նախարարը՝ հավելելով, թե այս պահին կտրուկ բարելավվում է նկատվում, հիվանդների մոտ 99 տոկոսն ապաքինված է, առանց որևէ առողջական խնդրի դուրս են գրվում հիվանդանոցներից:
 
Պոլիկլինիկական ցանցում այցելությունների բարելավվում է նկատվում:
 
Ինչ վերաբերում է դպրոցներում արձակուրդները երկարացնելուն, նախարարն ասաց, թե հարցը դեռևս քննարկվում է:
 
«Մենք մինչև ուրբաթ օրը կնայենք մեր ընդհանուր ցուցանիշները և անհրաժեշտության դեպքում նոր հանդես կգանք առաջարկով»,-նշեց նախարարը:
 
Արձագանքելով լրագրողի հարցին, որ «Տամիֆլյու» դեղամիջոցը ձեռք բերելու մենաշնորհը պատկանում է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին, Արմեն Մուրադյանն ասաց. «Որևիցե մեկին մենաշնորհ տրված չէ: Տամիֆլյուն միշտ եղել է հիվանդանոցային ցանցում և հունվարի 13-ից եղել է պոլիկլինիկական ցանցում անվճար, հիվանդանոցային ցանցում նույնպես միշտ եղել  անվճար: Որևէ հիվանդ չկա, որ կարիք է ունեցել և չի ստացել դեղամիջոցը: Եթե հարցը վերաբերում է դեղատնային ցանցին, ապա դեղամիջոցը կարող է ներկրել յուրաքանչյուր ներկրող, որն իր դեղատնային ցանցում կամ մեծածախ առևտրային գործունեության ընթացքում կարող է ներկրել և վաճառել: Մենք պահանջարկը բավարարել ենք սոցիալական ծրագրի շրջանակներում և ապահովել ենք անվճար: Այս պահին ունենք համապատասխան պաշարները և անհրաժեշտության դեպքում կարող ենք տրամադրել»:
 
Նախարարն ասաց, որ այս պահին արհեստական շնչառական ապարատին է միացված թոքաբորբով 7 հիվանդ:
 
«124 հղիներից այս պահին 94-ն են մնացել հսկողության ներքո, սուր շնչառական վարակներով 1230 դեպքերից՝  այս պահին 982-ը, երեխաների թիվը նվազել է շուրջ 170-ով: Կա կտրուկ նվազում, մարդիկ առանց որևէ առողջական խնդրի դուրս են գրվում: Նվազել են նաև շտապօգնության կանչերի թիվը, հատկապես պայմանավորված սուր շնչառական հիվանդացությամբ: Կարծում եմ, որ այդ բարելավումը կարող ենք համարել որպես օրինաչափություն»,-հավելեց նա։
 
Արմեն Մուրադյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի թոքաբորբով  հիվանդացություն լինում է, այն պայմանավորված է գրիպի առանձին տեսակներով. «Ունենում ենք ծանր թոքաբորբեր, նրանցից որոշ մասը վերակենդանացման բաժիններում են կարողանում բուժում ստանալ: Կան դեպքեր նաև, որ թոքաբորբից մահանում են»:

Բոլոր Նորությունները




© 2024 Zub.am - Հայաստանի ատամնաբուժարաններ Բոլոր իրավունքները պաշտպանված են: